Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել 2025 թ. հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը։ Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում: Հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ։ Մոնղոլական շուկայի բացումը Հայաստանի արտահանողներին կապահովի Հայաստանից արտահանվող այնպիսի ապրանքների մատակարարման ավելի մրցունակ պայմաններ, ինչպիսիք են ծխախոտը, կոնյակը, շոկոլադը, հանքային ջուրը, պահածոյացված մրգերը։
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98%-ը։ Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,5%-ից կիջնի մինչև 1,2%։ Արդյունքում՝ Հայաստանից Մոնղոլիա արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնություններից տնտեսումները կարող են կազմել տարեկան մինչև 1 մլն ԱՄն դոլար։