Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025 14:53
Ալինա Հովհաննիսյան

ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը

ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Լիբանանի միջազգային բիզնես ասոցիացիաների ցանցի (L.I.B.A.N) և Web3 Armenia հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կայացել է առաջին՝ Armenian Web 3 - CJN Accelerator ճանաչողական հանդիպումը։

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, միջոցառման նպատակն էր ներկայացնել Հայաստանում ներդրումային միջավայրը և քննարկել Հայաստանը տարածաշրջանային «Web3» կենտրոնի վերածելու հնարավոր ուղիները։ 

 

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, որը նախարարության անունից ողջունել է մասնակիցներին՝  ընդգծելով  հանդիպման կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային համագործակցության տեսանկյունից։

 

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրը և քննարկվել են երկրի հնարավորությունները՝ հնարավոր զարգացում ապահովելու համար: Քննարկումների առանցքում էին բլոկչեյնի կիրառման խթանումը, միջազգային ներդրողների ներգրավումը և համատեղ նախաձեռնությունների զարգացումը։

 

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Լիբանանի միջազգային գործարարների ասոցիացիաների ցանցի և CJN Accelerator-ի ներգրավվածությունը՝ կարևորելով նրանց փորձը և գլոբալ տեսլականը։

Մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափերի կարևորությունը՝ ոլորտային կապերն ամրապնդելու, նորարարությունը խթանելու և տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում երկարաժամկետ գործընկերություն ձևավորելու տեսանկյունից: