Արմինֆո Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հենրեհենին։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ Այդ մասին Գեւորգ Պապոյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը մի շարք առանցքային ոլորտներում՝ առևտուր և ներդրումներ, գյուղատնտեսություն և սննդի անվտանգություն, էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ և նորարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն ու զբոսաշրջություն։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնեցին շարունակել համատեղ աշխատանքը՝ ուղղված տնտեսական կապերի սերտացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և նոր նախաձեռնությունների խթանմանը։
Անդրադառնալով TRIPP հաղորդակցության ծրագրին ու ենթակառուցվածքներին՝ շեշտեցի, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է TRIPP հաղորդակցության ծրագրով և առաջարկեցի այս նախագծերը զարգացնել PPP ձևաչափով՝ ապահովելով մասնավոր ներդրումների ներգրավում, ինչպես նաև նախաձեռնել ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակում։
Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։ Այս համատեքստում ընդգծեցի, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման նախագիծ է, որը կնպաստի տարածաշրջանային համագործակցության խորացմանը և լարվածության նվազեցմանը։ Ինչպես նաև նշեցի, որ Հայաստանը կարևորում է ամերիկյան փորձը և աջակցությունը ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության արդիականացման գործում», - գրել է նախարարը։