Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025 14:55
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղությունները

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղությունները

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարության պատվիրակության անդամների և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ:

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ շարունակական համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ գյուղատնտեսության, պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտում էներգախնայողության հարցերի շրջանակում:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել էր ԳԻԶ –ի բնապահպանությանը, բնական պաշարներին և վերականգնվող էներգիային առնչվող ծրագրերի ղեկավար Օլգա Վայգելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարմանն ուղղված նոր ծրագրի իրականացումը:

 

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել էր մարզպետը, նախաձեռնությունը կդառնա "ԵՄ-4 Սևան" ծրագրի տրամաբանական շարունակությունը և ունի զգալի տնտեսական և բնապահպանական նշանակություն: Նրա խոսքով՝ այն կընդգրկի ոչ միայն Սևանա լճի ջրհավաք ավազանը, այլև հարակից տարածքները և նրա ազդեցության տակ գտնվող օբյեկտները: Ներկայումս պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ իրականացվում են փորձագիտական և հետազոտական աշխատանքներ ծրագրի նախագիծն ավարտին հասցնելու համար, որը, ամենայն հավանականությամբ, գործողության մեջ կդրվի 2025 թվականի վերջին։