Արմինֆո. Կենտրոնական բանկում կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության այցի բացման հանդիպումը։
ԿԲ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկայիս զարգացումները, դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային միջավայրում առկա ռիսկերը և դրանց հնարավոր ազդեցությունը երկրի ֆինանսական համակարգի վրա։
Կողմերը նաև կարևորել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի մակրոտնտեսական կայունությանն ու ֆինանսական շուկայի զարգացմանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը SBA-ի 5 - րդ հետազոտության արդյունքներով հավանություն է տվել շուրջ 26.1 մլն դոլարի չափով (18.4 մլն SDR) stand-by վարկին Հայաստանի հասանելիությանը, ինչի արդյունքում հասանելի ընդհանուր գումարը կազմել է մոտ 156.9 մլն դոլար (110.4 մլն SDR) պահուստային վարկի մասին համաձայնագրի (SBA-Stand-By Arrangement) գործողության պահից։ Մինչ այդ՝ 2024 թվականի դեկտեմբերի կեսերին, ԱՄՀ գործադիր խորհուրդը SBA-ի 4-րդ հետազոտության արդյունքներով հավանություն էր տվել Հայաստանին stand-by վարկի տրամադրմանը՝ 18.4 միլիոն SDR (մոտ 24.12 միլիոն դոլար) չափով, ինչի արդյունքում հասանելի գումարային մեծությունն այն ժամանակ հասել էր 92 միլիոն SDR (մոտ 120.59 միլիոն դոլար)։ Հայաստանի պահուստային վարկավորման եռամյա այս ծրագիրը (precautionary Stand-By Arrangement - SBA) ՝ 128.8 մլն SDR գումարի չափով, Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է 2022թ. դեկտեմբերի 13-ին ՝ միանգամից բացելով 18.4 մլն SDR-ի հասանելիությունը՝ վեց կիսամյակային ամփոփիչ ստուգումներից հետո մնացած գումարը տրամադրելու պայմանով։