Արմինֆո.Սեպտեմբերի 22-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ներկայացուցիչ Ջորջ Ախալկացիին, Ասիական զարգացման բանկի (ADB) Վրաստանի գրասենյակի ավագ ներդրումային մասնագետ Ժուժաննա Գաբրիելլա Դ. Մոսնիեին, և ՀՀ-ում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ավագ ներկայացուցիչ Արման Բարխուդարյանին:
ՀԷՑ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է ՀԾԿՀ կողմից վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ամբողջական հիմքերը՝ հստակ շեշտադրելով բոլոր իրականացվող և իրականացվելիք գործընթացների հաջորդականությունն ըստ ժամկետների:
Քննարկման ընթացքում միջազգային գործընկերների կողմից ներկայացվել են ընթացիկ փոխգործակցությանը վերաբերող հարցադրումներ՝ կարևորելով ՀԷՑ-ի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը:
«Միևնույն ժամանակ հարկ է փաստել, որ հանդիպման ընթացքում ընդհանուր անդրադարձ կատարվեց ՀԾԿՀ նախագահի կողմից վարչական վարույթի հարուցմանը՝ ՀԷՑ-ի ստանձնած ֆինանսական պարտավորություններին և դրանց կատարման ընթացքին:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ «ՀԷՑ» ՓԲ Ընկերության Ժամանակավոր կառավարիչը հավաստիացրեց, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում՝ Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արվում են և կիրականացվեն բոլոր անհրաժեշտ քայլերը տվյալ միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը էլ ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Անդրադարձ կատարվեց նաև ՀԾԿՀ կողմից վարչական վարույթի շրջանակներում Ընկերության ժամանակավոր կառավարչի կողմից իրականացվող գործողությունների շրջանակին և հետապնդվող նպատակներին, ի թիվս այլնի․ միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»,- ասվում է հաղորդագրություն ում:
Նշենք, որ այդ հանդիպումն ամենևին էլ պատահական բնույթ չէր կրում։ Ավելի վաղ "Տաշիր" ընկերությունների խմբի մեջ մտնող ՀԷՑ-ի 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացման համար ներգրավվել էին նշված ֆինանսական կառույցների վարկային ռեսուրսները: Մասնավորապես, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Ասիական զարգացման բանկից և ՄՖԿ-ից 160 մլն դոլար ընդհանուր գումարի սինդիկացված վարկ է ներգրավվել: Եվս 17 մլն դոլար տրամադրել է Եվրասիական զարգացման բանկը: Միանգամայն կարելի է ենթադրել, որ ներդրողներին անհանգստացրել է ընկերության պետականացման փաստը, առավել ևս ՝ արդեն տրամադրված միջոցների վերադարձման հնարավորությունը