Արմինֆո.Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան և Լեհաստանի քլիրինգային ծառայությունների ազգային դեպոզիտարիան (Krajowy Depozyt Papierow Wartosciowych SA, KDPW) ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ Երևանում միջազգային բանկային համաժողովի շրջանակում:
Նշենք, որ KDPW-ն պատասխանատու է արժեթղթերի հաշվառման և պահպանման, ինչպես նաև Վարշավայի ֆոնդային բորսայում կնքված գործարքների հաշվարկների համար: Վերջինս, ինչպես հայտնի է, հանդես է գալիս որպես Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) բաժնետեր։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա" ԲԲԸ գլխավոր տնօրեն Անի Մակարյանը, համաձայնագրի ստորագրումը մի ամբողջ տարվա համատեղ աշխատանքի արդյունք է: Պայմանագիրը մի քանի հնարավորություն է բացում Հայաստանի և Լեհաստանի կապիտալի շուկայի մասնակիցների համար։ Այսպես, հեռանկարում փաստաթուղթը հնարավորություն է տալիս Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված հայ թողարկողներին ցուցակման ընթացակարգ անցնել նաև Վարշավայի ֆոնդային բորսայում: Սա անհրաժեշտ, թեև ոչ բավարար պայման է։ Մյուս կողմից, Վարշավայի բորսայի սակարկությունների մասնակիցները հնարավորություն են ստացել աշխատել հայաստանյան թողարկողների արժեթղթերի հետ: Մակարյանի խոսքով՝ «սա մեծ պատկերի մի մասն է», եւ բացի փոխադարձ ցուցակումից, փաստաթուղթը հնարավորություն է տալիս Հայաստանին դառնալ ֆինանսաներդրումային կամուրջ մեր տարածաշրջանի, Ասիայի եւ Եվրոպայի միջեւ:
Պատասխանելով Հայաստանի եւ Վարշավայի ֆոնդային բորսաների սակարկության հարթակների ինտեգրման ծրագրերի մասին հարցին՝ Մակարյանը նշել է, որ այդ ճանապարհին խոչընդոտներն առայժմ Եվրոպական Միության կարգավորումներն են: Նա հույս է հայտնել, որ ապագայում նման ինտեգրում անպայման տեղի կունենա։
Նշենք, որ այսօր Հայաստանի ազգային դեպոզիտարիայում պահվում են ռեեստրներ, և գրանցված են շուրջ 5 հազար հայաստանյան թողարկողների (ԲԲԸ, ՓԲԸ, ներդրումային հիմնադրամների և պարտատոմսերի այլ թողարկողների) արժեթղթեր: AMX-ում ցուցակված են շուրջ 150 արժեթղթեր, այդ թվում ՝ բաժնային արժեթղթերով (բաժնետոմսերով) շուրջ 10 թողարկողներ: