Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025 15:04
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը ԵՄ չափորոշիչներին համապատասխան չափումների ոլորտի արդիականացման մասին օրինագիծ է ներկայացրել

Էկոնոմիկայի նախարարությունը ԵՄ չափորոշիչներին համապատասխան չափումների ոլորտի արդիականացման մասին օրինագիծ է ներկայացրել

Արմինֆո.Հայաստանի Չափագիտության ազգային ինստիտուտի լիազորությունները կհստակեցվեն և կընդլայնվեն: Համապատասխան փոփոխություններ կկատարվեն "Չափումների միասնականության ապահովման մասին" ՀՀ օրենքում:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն, «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը եւ ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետեւանքներից սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը եւ գիտատեխնիկական առաջընթացին:

 

Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը՝ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել ոլորտային բացթողումներն ու խնդիրները, սահմանել նոր իրավակարգավորումներ:

 

Մանրամասնելով օրենքում իրականացվող փոփոխությունները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը նշել է, որ ընդլայնվել է օրենքի կարգավորման առարկան, սահմանվել են նաեւ պահանջներ՝ մեծությունների չափման միավորների, չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների եւ մեթոդների պահպանման ու կիրառման վերաբերյալ: Վերանայվել եւ ճշգրտվել են մի շարք սահմանումներ, ներդրվել նոր տերմիններ:

 

«Չափագիտության ազգային մարմնի լիազորությունները հստակեցվել եւ ընդլայնվել են՝ ներառելով ոչ միայն ազգային չափանմուշների պահպանումը, այլեւ նոր գործառույթներ են սահմանվել, օրինակ՝ թանկարժեք մետաղների սարքավորումների փորձաքննություն եւ չափագիտական խորհրդի ստեղծում»,- ընդգծել է Նարեկ Հովակիմյանը: Նրա տեղեկացմամբ նաեւ ընդլայնվել են տեսչական մարմնի լիազորությունները. ներառվել են փաստաթղթերի ստուգման եւ տեխնիկական միջոցներով վերահսկողության գործառույթներ:

 

Զեկուցողի խոսքով փոփոխությունները կնպաստեն պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, տնտեսության եւ հասարակության համար կարեւոր ոլորտներում չափումների արդյունքների նկատմամբ վստահելիության ապահովմանը եւ օրենսդրական կրկնությունների նվազեցմանը:

 

Հանձնաժողովի անդամները ողջունել են Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները, խոսել ոլորտում առկա խնդիրների մասին, կարեւորել տնտեսավարողների իրավունքների պաշտպանությունը:

 

««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 24-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն: