Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025 12:40
Նաիրա Բադալյան

2025 թվականին Հայաստանում կենսաթոշակառուների անկանխիկ գնումների հետվճարի ծրագիրն իշխանությունները կուղղեն մոտ 42,5 մլն դոլար

2025 թվականին Հայաստանում կենսաթոշակառուների անկանխիկ գնումների հետվճարի ծրագիրն իշխանությունները կուղղեն մոտ 42,5 մլն դոլար

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը՝ 2025 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապահովելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացնելու համար: Կառավարության հաղորդագրության համաձայն, ըստ այդմ, առաջարկվում է հատկացնել 3 մլրդ 219 մլն դրամ:

 

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 մլրդ 432 մլն դրամ: «Հետո ճշտվել է 13 մլրդ 152 մլն դրամ, սակայն միտումները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 մլրդ 371 մլն դրամ: Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է: Արդեն ունենք մոտ 350 հազար շահառու, որոնք օգտվում են այս ծրագրից, և ունենք ամսական մոտավորապես 2-3 տոկոս աճ»,- ասել է նախարարը:

 

Արսեն Թորոսյանը նշել է, որ այս պահի կարգավորումների համաձայն՝ հետվճարով վերադարձվում է գործարքների 12 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը և հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը: