Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1030 01 վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը՝ Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանն ուղղված՝ վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի իրականացման նպատակով։
Կառավարության հաղորդագրության համաձայն, բյուջետային ֆինանսավորումը, որը կազմում է 150 մլն եվրո վարկային միջոցներ, բազմամյա ծրագրի (2019-2025) երրորդ փուլն է, և այն ունի երկու հիմնական նպատակ՝ ամրապնդել տնտեսական և ֆինանսական կառավարումը, մասնավորապես՝ բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը, բարելավել ցածր ածխածնային և դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը և ֆինանսավորումը: Ծրագիրն ունի միջամտության երեք հիմնական թեմատիկ բաղադրիչ՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում՝ հանրային ծառայությունների արդյունավետ ու կայուն տրամադրման և ենթակառուցվածքի ապահովման համար, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում։ Այս բաղադրիչները ներառում են հանրային քաղաքականության մատրիցայում սահմանված համապատասխան նպատակներ, որոնք սահմանվել են երեք փուլից/ենթածրագրերից բաղկացած ծրագրային մոտեցման հիման վրա։
Ինչպես նշել է Ֆինանսների նախարարը, առաջին և երկրորդ փուլերն իրագործվել են, համապատասխանաբար, 2022 թ. սեպտեմբերին և 2024 թ. սեպտեմբերին, երրորդ փուլը, որն ապահովում է սույն բյուջետային աջակցության վարկի միջոցներով, նախատեսվում է իրականացնել այս տարի։ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախատեսվող մի շարք բարեփոխումներ. «Ֆինանսների նախարարությունում գանձապետարանի գործառույթի մասով իրականացվող բարեփոխումների համատեքստում կմշակվի և կներդրվի ընթացիկ կապիտալ ծախսերի տվյալների բազա, հետներդրումային շրջանի մշտադիտարկման համակարգ և ինստիտուցիոնալ գործառույթ՝ գերծախսերի դեպքերը և դրանց պատճառները և ծախսերի չկատարման կամ անարդյունավետ կատարման դեպքերը լավագույնս հայտնաբերելու համար։ Կառավարությունը կհաստատի կանաչ և կայուն տնտեսական զարգացման մասին ազգային ռազմավարությունը, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը կսահմանի շրջանաձև տնտեսության ներդրման նախադրյալների սահմանման հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։ Օրենսդրական փոփոխությունների շարք կիրականացվի, որոնք Հայաստանի Կենտրոնական բանկին կտան լիազորություններ ենթաօրենսդրական ակտերի միջոցով սահմանելու ոչ հանրային ֆոնդերի համար նոր կանոններ՝ այդպիսով հնարավորություն տալով հայկական ֆոնդերին, այդ թվում՝ վենչուրային և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերին, ոչ հանրայինից անցնելու հանրայինի՝ շուկան զարգացնելու համար։ Կթարմացվեն Հայաստանի հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների ստանդարտները։ Անվճարունակության ռեժիմն արդիականացնելու և պարտատերերի իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու համար Արդարադատության նախարարությունը կներդնի էլեկտրոնային սնանկության համակարգ։ Արդարադատության նախարարությունը կհաստատի նոր որոշում էլեկտրոնային սնանկության համակարգի և այլ
տվյալների համակարգերի միջև տվյալների փոխանակման կառավարման բարելավման համար։ Կարգավորման ազդեցության գնահատումն ավարտելուց հետո Կառավարությունը ԱԺ հաստատմանը կներկայացնի անվճարունակության մասին նոր օրենքի նախագիծը։ Մի շարք փոփոխություններով կբարելավվի պետական ձեռնարկությունների կորպորատիվ կառավարումը»: