Արմինֆո.Սեպտեմբերի 24-ին Երևանի Ավան վարչական շրջանում բացվեց Արդշինբանկի «Ավան» մասնաճյուղը: Սա բանկի 29-րդ մասնաճյուղն է Երևանում և 72-րդը՝ հանրապետությունում:
Ինչպես հայտնեցին բանկից, մասնաճյուղի բացման անհրաժեշտությունը պայմանավորված է բանկի հաճախորդների թվի շարունակական աճով, և բանկը ձգտում է իր ծառայություններն ավելի հասանելի դարձնել Երևան քաղաքի բոլոր շրջանների բնակիչների համար։
«Մենք ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել առավել հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան օգտվել բանկի ծառայություններից իրենց ավելի հարմար վայրում։ Չնայած բանկի մասնաճյուղային ցանցը երկրում ամենամեծն է, Ավանում մենք ներկայացված չէինք և այժմ այդ բացը լրացված է։ Ավան վարչական շրջանում ապրում է մոտ 54,000 բնակիչ, ինչը կազմում է մայրաքաղաքի բնակչության 5%-ը։ Ավանն ակտիվորեն զարգանում է․ կառուցվում են նոր բազմաբնակարան շենքեր, բիզնեսներն ընդլայնվում են, ուստի տրամաբանական է, որ բանկը որոշել է այստեղ մասնաճյուղ բացել», - մեկնաբանեց Մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ, Ցանցային վաճառքների վարչություն պետ Արսեն Թամազյանը։
Մասնաճյուղը նախագծվել է՝ հատուկ ուշադրություն դարձնելով հաճախորդների հարմարավետությանը, բարձրորակ սպասարկմանը և անվտանգությանը։ Այն առանձնանում է համապարփակ տեխնիկական հնարավորություններով, ժամանակակից լուծումներով և նորարարական ինտերիերով։ Մասնաճյուղը սպասարկում է ինչպես մանրածախ, այնպես էլ փոքր և միջին բիզնեսի հաճախորդներին։ Այն հագեցած է բազմաֆունկցիոնալ տերմինալներով, որոնք թույլ են տալիս հաճախորդներին ֆինանսական գործարքներ կատարել 24/7 ռեժիմով։ Բացի այդ, հաճախորդները կարող են ֆինանսական ծառայություններից օգտվել առցանց՝ առանց բանկ այցելելու։
Մասնաճյուղի հաճախորդներից մեկի՝ Ավան վարչական շրջանի բնակչի խոսքով՝ Հայաստանի ամենամեծ բանկի մասնաճյուղի բացումը զգալիորեն կհեշտացնի բանկային ծառայություններից օգտվելը և հնարավորություն կտա ստանալ արագ, ժամանակակից և բարձրորակ սպասարկում․ «Ուրախ եմ, որ մեր թաղամասում ևս բացվել է Արդշինբանկի մասնաճյուղ, ավելի հեշտ կլինի օգտվել բանկի ծառայություններից»։
«Ավան» մասնաճյուղը գտնվում է Ավան վարչական շրջանում՝ Իսահակյան թաղամաս 25/3 հասցեում։ Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:15-ից մինչև 16:45, շաբաթ օրերին՝ 10:15-ից մինչև 13:45։ Հեռ. +374 12 22 22 22։
***
2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ Արդշինբանկի հաճախորդների թիվը կազմում է մոտ 570,000, որոնց սպասարկում են ավելի քան 2300 աշխատակիցներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող 72 մասնաճյուղերում: Բացի մասնաճյուղերում սպասարկումից, բանկն առաջարկում է հաճախորդների բոլոր կատեգորիաներին ճկուն և հուսալի հեռավար ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հարմարեցված նրանց կարիքներին: