Երկուշաբթի, 29 Սեպտեմբերի 2025 12:01
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը

Արմինֆո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության` «123 համաձայնագրի» բանակցությունների մեկնարկին նվիրված տեսահանդիպմանը:

 

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, բանակցությունների մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Գոնզալո Սուարեզը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

 

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով0 և անվտանգ օգտագործումը Հայաստանի առաջնահերթություններից է, և որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ չտարածման միջազգային ռեժիմի սկզբունքներին:

 

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրման համատեքստում անցում է կատարվում գործնական քայլերի իրականացմանը:

 

«123 համաձայնագրի» կնքումը կստեղծի իրավական հիմք՝ խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների, տվյալների և գիտելիքի փոխանակման համար` հիմնված չտարածման բարձր չափանիշների վրա: