Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025 14:54
Նաիրա Բադալյան

Հայաստանը 2026 թվականին նախատեսում է կրճատել ոչ միայն պաշտպանական ծախսերը, այլ նաև՝ ՌԱՀ և ՏՏ ծախսերը. Անանյան

Հայաստանը 2026 թվականին նախատեսում է կրճատել ոչ միայն պաշտպանական ծախսերը, այլ նաև՝ ՌԱՀ և ՏՏ ծախսերը. Անանյան

Արմինֆո. ՀՀ կառավարության կողմից ներկայացված 2026 թվականի բյուջեի նախագծում բարձր տեխնոլոգիաներին և ռազմարդյունաբերությանը հատկացվող միջոցների ծավալն ու տրամաբանությունը տարակուսանք են հարուցում այն պայմաններում, երբ աշխարհում բոլոր պետությունները, այդ թվում մեր հարևաններն ու ոչ բարեկամ երկրները, արագացնում են ռազմական և տեխնոլոգիական ծախսերը։

Հայաստանում՝ ընդհակառակը, հենց այս ոլորտներում է տեղի ունենում նվազում։ Այդ մասին գրում է տնտեսագետ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

 

«Մասնավորապես, ընդհանուր թվերը հետևյալն են․ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը 2026թ․ համար նախատեսվել են 37.35 մլրդ դրամ, մինչդեռ 2025թ․ դրանք կազմել են 47.51 մլրդ դրամ։ Նվազումը կազմում է 10.16 մլրդ դրամ կամ 21.4%։

 

Ռազմարդյունաբերության ծախսերը 2026թ․ նախատեսվել են 4.97 մլրդ դրամ, մինչդեռ 2025թ․ դրանք եղել են 5.72 մլրդ դրամ։ Նվազումը՝ շուրջ 746 մլն դրամ կամ 13%։ Մանրամասները հետևյալն են․

 

«Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների» համար 2025թ․ նախատեսվել էր 4.16 մլրդ դրամ, 2026թ․՝ 3.56 մլրդ դրամ։ Նվազումը՝ 14.5%։

«Փորձանմուշների արտադրության» համար 2025թ․ նախատեսվել էր 1.50 մլրդ դրամ, 2026թ․՝ 1.28 մլրդ դրամ։ Նվազումը՝ 14.1%։

«Մասնագիտական կադրերի ուսուցման» համար 2025թ․ նախատեսվել էր 53.7 մլն դրամ, 2026թ․՝ 25 մլն դրամ։ Նվազումը՝ 53.5%։

 

Նոր տողով ավելացվել է «Միջազգային ցուցահանդեսներ» ծրագիրը՝ 100 մլն դրամ։

 

Այսպիսով, նվազել են հենց ռազմարդյունաբերության «սիրտը» կազմող ծախսերը՝ R&D-ն, փորձանմուշները, կադրերի պատրաստումը։ Ավելացել է միայն ցուցահանդեսների ֆինանսավորումը։

 

Այլ ուղղություններով պատկերը հետևյալն է․

 

«ՏՏ ընկերությունների պետական աջակցություն»՝ 2025թ․ 29.36 մլրդ դրամ, 2026թ․՝ 19.47 մլրդ դրամ։ Նվազումը՝ 9.89 մլրդ դրամ կամ 33.7%։

«Թվային փոխակերպում»՝ 2025թ․ 7.15 մլրդ դրամ, 2026թ․՝ 8.08 մլրդ դրամ։ Աճ՝ 13%։

«Հեռահաղորդակցություն»՝ 2025թ․ 550 մլն դրամ, 2026թ․՝ 960 մլն դրամ։ Աճ՝ 76%։

«Արբանյակային սպասարկում»՝ անփոփոխ՝ 190 մլն դրամ։

 

Խնդրահարույց հակադրությունն այն է, որ նույն տարվա բյուջեում նախատեսվում է շուրջ 103 մլրդ դրամ ուղղել հիպոտեկային վարկերի տոկոսների վերադարձին, ինչը փաստացի նշանակում է տնտեսության շինարարության ոլորտին աջակցության տրամադրում։ Այս թիվը գրեթե 20 անգամ գերազանցում է ամբողջ ռազմարդյունաբերական բյուջեն։

 

Այսպիսով, պետությունը փաստացի գերադասում է բնակարանաշինության սուբսիդավորումը՝ ռազմարդյունաբերական հզորությունների կառուցման փոխարեն։

Ի՞նչ ուղի է ընտրում Հայաստանը․ ապավինե՞լ սպառողական շինարարական բումին, թե՞ կառուցել սեփական տեխնոլոգիական և ռազմական հզորությունը», - Հարց է տալիս Դավիթ Անանյանը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած այն հանգամանքին, որ պետբյուջեի նախագծով հաջորդ տարի Հայաստանը նախատեսում է ավելացնել ծախսերը 5% - ով, պաշտպանության ծախսերը կկրճատվեն 15,2% - ով: