Արմինֆո. Հանքարդյունաբերությունում պետք է ընթանալ արտադրական շղթաների զարգացման ճանապարհով։ Mining Armenia Forum-ի շրջանակներում լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Այդ համատեքստում նա նշել է, որ այսօր ճյուղային արտահանումը ներկայացված է հումքային արտադրանքով։ Սակայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ արդեն պայմանավորվածություն կա վերամշակման ավելի բարդ փուլերի անցնելու մասին ։ "Դա պետության խնդիրներից մեկն է․ անցնել ավելի բարդ արտադրանքի արտադրությանը", - ասել է նա։ Այդ առնչությամբ նախարարը վկայակոչել է տնտեսական բարդության ինդեքսը, նկատելով, որ Հայաստանն այստեղ որոշակիորեն բարելավել է իր դիրքերը, սակայն այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել։ "Օրինակ, մենք պղնձի խտանյութից կանցնենք պղնձի ձուլակտորների, իսկ ձուլակտորները կդառնան մետաղալար, իսկ մետաղալարը ՝ ռելե, իսկ ռելեն ՝ ինչ-որ էլեկտրական սարքավորում կամ դրա բաղադրիչ ։ ԶՊՄԿ-ն ասում է , որ դա հնարավոր է։ Բայց դրա համար պետք է մեծացնել հանքավայրերի տարածքները և ավելացնել արտադրական հզորությունները։ Սա պարզ լուծում չէ։ Եթե մենք այն ընդունենք, այն կլինի ռազմավարական, որը մենք պետք է քննարկենք մեր հանրության հետ", - պարզաբանել է Պապոյանը։
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե որքանով պատրաստ են և նման հնարավորություններ ունեն շուկայի մյուս խաղացողները, Գևորգ Պապոյանը նշել է, որ արտադրական շղթաների զարգացման մասին խոսելիս, առաջին հերթին, նկատի ունի ԶՊՄԿ-ն և Ամուլսարի հանքավայրը: Մասնավորապես, խոսելով վերջինիս մասին, նախարարը նշել է, որ ձեռնարկությունն ունի ևս 2 հանքավայր՝ ավելի խոշոր: "Այսինքն՝ այնտեղ մենք բավականին մեծ ներուժ ունենք", - նշել է նա։
Լրագրողների հետ զրույցում Պապոյանը ներկայացրել է ոլորտի առջև ծառացած այլ խնդիրներ ևս: Մասնավորապես, նա նշել է, Հայաստանում գործող որոշ հանքավայրեր 15-20 տարի հետո իրենց կսպառեն։ Հետևաբար, նոր հանքավայրերի որոնման անհրաժեշտություն կա։ "Եթե դա մեզ համար գերակա ոլորտ է, ապա պետք է շարունակել ներդրումները, որպեսզի այն մնա տնտեսության առանցքային ոլորտներից մեկը", - ասել է նախարարը:
Միաժամանակ , նա նկատել է, որ անհրաժեշտ է ունենալ ժամանակակից պայմաններին համապատասխան բնապահպանական չափորոշիչներ։ "Կարևոր է, որ ոլորտը լինի տնտեսական առումով արդյունավետ։ Բայց եթե դրա գործունեությունը բնապահպանական ռիսկեր է առաջացնում, դրանք պետք է նվազագույն ազդեցություն ունենան հասարակության վրա", - ընդգծել է Պապոյանը