Արմինֆո. «Լիդիան Արմենիան» արդեն հաջորդ շաբաթվանից կանցնի Ամուլսարի հանքավայրում շինարարական աշխատանքների շուրջօրյա ռեժիմի: Այդ մասին հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը՝ Mining Armenia Forum-ի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նա հիշեցրել է, որ ոսկու հանքում շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսից։ Ներկայումս ընթանում է շինարարության ակտիվ փուլը․ ներգրավված է շուրջ 550 մարդ, 400 միավոր ծանր տեխնիկա ։ "Ներկայումս ընթանում է հիմնական հանգույցների շինարարությունը։ Մենք փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ավելի արագ ավարտենք ծրագրի շինարարական փուլը", - ասել է ընկերության ղեկավարը։
Ընդ որում, Ալոյանը դժվարացել է նշել աշխատանքների ավարտի որոշակի ժամկետներ, նկատելով, որ խոսքը մի քանի ամսվա մասին է։
Հիշեցնենք, որ օգոստոսին հայտարարելով շինարարական աշխատանքների մեկնարկի մասին, ընկերությունում հավաստիացրել էին, որ հանքավայրի հետագա շահագործումը մեծ նշանակություն կունենա երկրի տնտեսական զարգացման, մասնավորապես, Ամուլսարը շրջապատող համայնքների համար: Այդ առնչությամբ նշվել է, որ ոսկու ընթացիկ միջազգային գների դեպքում ընկերությունը հանքի շահագործման ընթացքում նախատեսում է երկրի բյուջե վճարել տարեկան մոտ 100-120 մլն ԱՄՆ դոլար՝ հարկերի եւ ռոյալթիների տեսքով (մոտ 46 մլրդ դրամ - խմբ.): "Բացի այդ, կստեղծվի 6 հազար աշխատատեղ, իսկ Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), ըստ կանխատեսումների, կավելանա ևս 1% - ով", - ամփոփել էին ընկերությունում:
Հիշեցնենք, որ 2018 թվականի վերջից Ամուլսարի ոսկու հանքը ենթարկվել էր արգելափակման բնապահպան ակտիվիստների կողմից։ Կառավարությունն այդպես էլ չէր կարողացել կողմնորոշվել հանքի շինարարության վերսկսման հարցում և ստիպված էր դադարեցնել աշխատանքները։
Նշենք, որ Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 400-450 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը հաշվարկված է 10-11 տարի, ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում է արդյունահանել միջին հաաշվով 200 հազար ունցիա ոսկի: Հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ պաշարների մեծությամբ։ Ընկերության տեղեկատվության համաձայն, հանքավայրը պարունակում է մոտ 73733 կգ ոսկի՝ մեկ տոննայում 0,78 գ միջին պարունակությամբ, ինչպես նաև՝ 294.367 տոննա արծաթ ' մեկ տոննայում 9.29 գ միջին պարունակությամբ: Այն գտնվում է Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջագետքում