
Արմինֆո. Հանքարդյունաբերությունը ռազմավարական ուղղություն է Ամերիաբանկի համար: Այդ մասին հայտարարել է Ամերիաբանկի վաճառքի և կորպորատիվ հաճախորդների հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը՝ Mining Armenia Forum-ի շրջանակներում ներկայացնելով "Հանքարդյունաբերության ֆինանսավորում. հնարավորությունները և մարտահրավերները բանկի տեսանկյունից" թեմայով շնորհանդեսը:
Այդ առնչությամբ նա հայտարարել է, որ բանկը պատրաստ է շարունակել քննարկումներն ու համագործակցությունը հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ:
Դիտարկելով ոլորտի ազդեցությունը տնտեսության վրա բանկերի տեսլականի համատեքստում ՝ մասնագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ճյուղի ձեռնարկություններից տարեկան արժույթի ներհոսքը կազմում է 1 մլրդ դոլար: "Սա կարևոր նշանակություն ունի արժույթի փոխարժեքի հավասարակշռման համատեքստում, քանի որ Հայաստանն առավելապես ներմուծող երկիր է, հետևաբար, փոխարժեքի մակարդակը մեծ նշանակություն ունի մեր տնտեսության համար։ Բանկի համար դա նույնպես կարեւոր է, հաշվի առնելով, որ արժույթի ներհոսքի շուրջ 20 տոկոսն ապահովում են հանքարդյունաբերական ձեռնարկությունները", - պարզաբանել է Առաքելյանը։
Նրա խոսքով՝ Ամերիաբանկը կարևորում է ճյուղային ձեռնարկությունների հետ համագործակցությունը: Այդ համատեքստում մասնագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բանկի վարկային պորտֆելի շուրջ 20 տոկոսը բաժին է ընկնում հենց հանքարդյունաբերությանը:
Առաքելյանը նշել է, որ հայաստանյան 17 բանկերի շարքում Ամերիաբանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ վարկավորման գծով: Մասնավորապես, շուկայի ընդհանուր կորպորատիվ վարկավորման մեջ բանկին բաժին է ընկնում 24%։
Ընդհանուր առմամբ, ինչպես նա նշել է, վերջին 2-3 տարիները ռեկորդային են դարձել Հայաստանի բանկերի համար՝ արձանագրված ցուցանիշների մասով։ "Գործնականում, բոլոր բանկերն աճ են աարձանագրել, իսկ Ամերիաբանկը՝ երկնիշ աճ․ 20-30 տոկոս վերջին երեք տարիների ընթացքում։ Սա կարեւոր է խոշոր նախագծերի ֆինանսավորման համատեքստում։ Մեր վարկային պորտֆելը դրա դիմաց պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3.8 մլրդ դոլարի", - ընդգծել է Առաքելյանը։
Նշենք, որ Ամերիաբանկը ֆինանսատեխնոլոգիական առաջատար կազմակերպություն է և Հայաստանի տնտեսության առանցքային խաղացողներից մեկը: Հետևելով թվային փոխակերպման ռազմավարությանը՝ բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է մարդկանց ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական կարիքների բավարարմանն ուղղված եզակի ապրանքներ, ծառայություններ և նորարարական հարթակներ: Լինելով ակտիվորեն զարգացող ֆինանսական-տեխնիկական միջավայր՝ Ամերիաբանկն առաջարկում է կյանքի որակի բարելավման համար համալիր լուծումներ: