Արմինֆո.ՀՀ կառավարությունը քննարկում է հարկային քաղաքականության համալիր բարեփոխումների անհրաժեշտությունը: Այդ առումով "Ամերիա" խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն առաջարկում է կիրառել մի շարք երկրներում հաջողությամբ փորձարկված վերաներդրված շահույթի հարկի վերացման մոդելը:
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործող հարկային օրենսդրությունը չի խթանում հարկերի վճարումը: Մասնավորապես, ինչպես նշել էր Փաշինյանը, շրջանառության հարկի համակարգը "հակապետական" է, ինչի կապակցությամբ նա հանձնարարել էր մշակել նոր Հարկային օրենսգիրք։ "Մենք պետք է ունենանք պետական շահերին համապատասխանող ՀՕ", - հայտարարել էր նա։ Այդ ժամանակից ի վեր Ֆինանսների նախարարությունն աշխատել է օրենսգրքի վերանայման գաղափարների վրա ։ Հոկտեմբերի 3-ին Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության առաջիկա տարիների հայեցակարգային ուղղությունները: Վարչապետը հանձնարարել է մշակել օրենսդրական լուծումներ և դրանք ներկայացնել կառավարության հաստատմանը:
«Քանի որ Կառավարությունը կրկին քննարկում է հարկային քաղաքականության համապարփակ բարեփոխման անհրաժեշտությունը, հիշում եմ, որ դեռևս մոտ տաս տարի առաջ, երբ գործող Հարկային օրենսգիրքը գտնվում էր քննարկման փուլում, ես էի ներկայացրել մի գաղափար, որը այսօր առավել քան երբևէ կարող է հնչել արդիական», - գրել է Ջրբաշյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Գաղափարը պարզ էր, բայց բովանդակային․ ոչ թե հարկել բիզնեսին այն պահին, երբ այն ստանում է շահույթ, այլ հարկել միայն այն ժամանակ, երբ այդ շահույթը բաժանվում է սեփականատերերին։
Այս մոտեցումը, որը հաջողությամբ կիրառվում է Էստոնիայում, իսկ հետո՝ Լատվիայում և Վրաստանում, վերացնում է ավանդական շահութահարկը՝ վերադարձված և ներդրված շահույթի վրա։
Ընկերությունները կարող են ամբողջ շահույթը օգտագործել զարգացման, արդիականացման և աշխատատեղերի ստեղծման համար՝ հարկ վճարելով միայն այն ժամանակ, երբ այդ շահույթը դուրս է բերվում որպես դիվիդենդ կամ այլ ձևով։
Գործնականում նման մոդելի ներդրման համար անհրաժեշտ կլինի քննարկել մի շարք կարևոր մանրամասներ․
• Բաշխման սահմանումը – հստակ ձևակերպել, թե ինչն է համարվում շահույթի դուրսբերում (դիվիդենդ, բաժնեմասի վերադարձ, բաժնետիրոջ վարկ, ոչ դրամական առավելություններ և այլն)։
• Սակագնային կառուցվածք և չեզոքություն – հավասարակշռել վերաբերմունքը ներդրված կապիտալի, աշխատավարձային եկամտի և բաշխված շահույթի միջև։
• Վարչարարական պարզեցում – հարկի հայտարարագրում և վճարում միայն շահույթի բաշխման պահին՝ թվայնացված հարթակներով։
• Հարկային խուսափման կանխարգելում – հստակ կանոններ «թաքնված բաշխումների» և փոխկապակցված գործարքների համար։
• Միջազգային համապատասխանություն – ապահովել համապատասխանություն OECD-ի 15% գլոբալ նվազագույն հարկի պահանջներին, որպեսզի Հայաստանը պահպանի իր հարկման իրավունքը բազմազգ ընկերությունների նկատմամբ։
Այս մոդելը կփոխի մեր հարկային համակարգի փիլիսոփայությունը հաջողությունը և ներդրումը չպատժելու, այլ՝ խրախուսելու ուղղությամբ։
Այն նաև հստակ ազդանշան կլինի ներդրողներին, որ Հայաստանը պատրաստ է գնահատել արտադրողականությունը, ոչ թե հաշվապահական արդյունքը։
Հարկել միայն այն, ինչը դուրս է բերվում, ոչ թե այն, ինչը ներդրվում է։
Խրախուսել աճը, պարզեցնել վարչարարությունը, և համահունչ լինել միջազգային չափանիշներին։
Գուցե եկել է ժամանակը, որ այս գաղափարը՝ ձևավորված դեռ տասնամյակ առաջ,
իրական քննարկման արժանանա Հայաստանի հարկային համակարգի հաջորդ արդիականացման փուլում», - գրել է Ջրբաշյանը։
Հանուն արդարության նշենք, որ կորպորատիվ հարկման նոր համակարգին, որն ուղղված է ներքին ներդրումների խթանմանը և հարկային վարչարարության պարզեցմանը, այդ թվում նաև այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը, հետխորհրդային մի շարք երկրներում հաջող ներդրումից հետո հանդես են եկել նաև այլ հայ գիտնական-տնտեսագետներ: Նրանցից մեկը 90-ականների սկզբին երկրի հարկային ծառայության համահիմնադիր, էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար, իսկ այժմ հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանն է։ Նրա ղեկավարությամբ պատրաստվել են այդ հարցին նվիրված մի քանի գիտական հրապարակումներ։
Այսպես, "Շահութահարկի չեղարկման հետևանքները Հայաստանի Հանրապետությունում" վերնագրով վերջին ուսումնասիրություններից մեկում (sandoyan_profit.pdf) տրվում է Հայաստանում շահութահարկի չեղարկման հետևանքների գիտականորեն հիմնավորված գնահատական' օգտագործելով «ընդհանուր հավասարակշռության նեոկլասիկական դինամիկ մոդելը և բաշխված շահաբաժինների եկամտահարկով հարկումը»: Ներկայացված մոդելը կիրառվում է նաև Էստոնիայում և Վրաստանում կազմակերպությունների հարկման համակարգի բարեփոխման ազդեցության գնահատականներում: Այդ առնչությամբ հոդվածում կատարվում է երեք երկրների արդյունքների համեմատական վերլուծություն: Մոդելը հաշվարկում է շահութահարկի դրույքաչափերի փոփոխության ազդեցությունը պետական եկամուտների, աշխատանքի մեկ միավորի կապիտալի, սպառման մակարդակի և երկրում արտադրանքի ծավալի վրա: Հոդվածում ներկայացված է նաև մոդելի պարամետրացումը ՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները ։ Հետազոտության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում կազմակերպությունների հարկման համակարգի բարեփոխումը կհանգեցնի բնակչության ընդհանուր բարեկեցության, զուտ ներդրումների և համախառն արտադրանքի աճի: