Արմինֆո.ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին դեռ 2022թվին, չնայած հենց իր կողմից կազմակերպված լսումների ընթացքում բազմաթիվ մասնագետներ, լսումների գրեթե բոլոր մասնակիցները լսումներին և ոչ միայն բազմիցս ասել են, որ պետք չի եկամուտների տարեկան հաշվարկ ուզել անձանցից , ովքեր բացի հարկային գործակալների կողմից վճարվողից, այլ եկամուտ չունեն, արդեն 2025թվին, եկամտային հարկի տարեկան հաշվարկի ներկայացման երկարաձգված ժամկետի ավարտից ընդամենը 24 օր առաջ,
ՀՀ քաղաքացիներին «ավետում» է, որ «էական պարզեցումներ» են նախատեսում, և որ քաղաքացիները կարող են չներկայացնել հաշվարկ, եթե ստանում են միայն այնպիսի եկամուտներ, որոնք տեսանելի են ՊԵԿ-ին, այսինքն՝ հարկային գործակալի կողմից վճարված են։ Այդ մասին հայտարարում է "Քաղաքացի-հարկատու-բիզնես" իրավապաշտպան ՀԿ փոխնախագահ Էդուարդ Բադալյանը։
«Ու աչքն էլ չի թարթում։ Ոչ մի կես բառ այն մասին, որ երեք տարի առաջ ինքը քվեարկել է, որ այս մարդիկ հաշվարկ ներկայացնեն ու փաստորեն հիմա հասկացել է, որ լավ չի արել։ Տեսնես որևէ մեկը, օրինակ՝ լրագրողներ, առիթի դեպքում կհարցնե՞ն այդ մարդուն 3 տարի առաջ, այդքան ասողներին լսելուց հետո, երբ քվեարկում էր կողմ մի օրենքի, որով ասվում էր՝ չէ պետք է ներկայացնեք, չէ՞ր հասկանում ինչի կողմ էր, թե ինքը պարզապես քվեարկելու տերն է ու թույլատրելին նախաձեռնելու տերն է։
Ի դեպ, տեսնես մոռացե՞լ է վարչապետի ասածը այն մասին, որ իրեն էլ երբեք որևէ ընդունված կարգ հետաձգելու, իսկ այս փոփոխությունն այլ բան չէ քան ընդունված կարգի անժամկետ հետաձգում, չբերեն։ Էս «դուխը» ուղղակի հիացնող է», - գրել է Էդուարդ Բադալյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նախօրեին ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել էր ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցման մասին: Մասնավորապես, եթե քաղաքացիները գտնում են, որ բացի եկամուտների մասին ՊԵԿ-ին հայտնի տեղեկություններից, այլ եկամուտներ չունեն, ապա հայտարարագիրը կարելի է չլրացնել: Այդ ժամանակ ՝ նոյեմբերի 1-ից հետո, ավտոմատ գեներացված տարբերակը կհամարվի վերջնական և կընդունվի ՊԵԿ-ի կողմից։ Այս պարզեցումը չի վերաբերում այլ եկամուտներ ունեցող անձանց, որոնց մասին կոմիտեն տեղյակ չէ ։ Ինքնուրույն հայտարարագիր պետք է լրացնեն նաև այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգտվել պետության կողմից տրամադրվող սոցիալական վարկերից, այսինքն ՝ մինչև 100 հազար դրամի չափով վերադարձ ՝ կրթության և առողջապահության ծառայությունների ծախսերի դիմաց: Ինչ վերաբերում է բանկային ավանդներից ստացված եկամուտների հայտարարագրմանը, ապա այստեղ քաղաքացիներն իրենք պետք է լրացնեն իրենց ավանդների մասին տեղեկությունները, կամ համաձայնություն տան, որ ՊԵԿ-ը բանկերից ստանա այդ տվյալները:
Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը սկսվել է 2023 թվականից ։ Գործընթացը կազմակերպվում է երեք փուլով, տարեցտարի ավելանալու է այն անձանց շրջանակը, որոնք պարտավոր են ներկայացնել հայտարարագիրը ։ Համակարգի ներդրումը կավարտվի 2025 թվականին ։ 2025 թվականին հարկային հայտարարագրեր պետք է ներկայացնեն (նախկինում վերջնաժամկետը մայիսի 1-ն էր, այնուհետև երկարաձգվել է մինչև
նոյեմբերի 1-ը) ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող վարձու աշխատողները (ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող անձինք):