Արմինֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգի յուրաքանչյուր խափանում հսկայական վնաս է հասցնում երկրի տնտեսությանը: Բայց ամենասարսափելին այն է, որ խնդիրը չի լուծվում արդեն մի քանի տարի։ Խնդրի մասին հերթական անգամ ահազանգում է "Մանթաշյանց" գործարարների միության համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը:
«Մի քանի օր առաջ գրել էի, որ ՊԵԿ-ի e-invoiceng ծրագիրը նորմալ չի աշխատում: Երեկ մի քանի ընկեր էլի արձագանքեցին, որ ամբողջ օրը չի աշխատել: Մի քանի օր է կիսատ պռատ էր աշխատում, բայց երեկ ընդհանրապես չի աշխատել:
Մենակ մի դեպքը ներկայացնեմ, խնդրի մասշտաբը պատկերացնելու համար: Երեկ ընկերոջս ընկերությունը 160 առաքում պետք է աներ, բայց ամբողջ օրը ծրագրի չգործելու պատճառով չի արել: 170 առաքում էլ էսօր պետք է անի, երեկվանն էլ հետը 330 առաքումա ստացվում, իսկ էդքան ծարնաբեռնված չի կարող աշխատել: Պլյուս էդ ընկերությունը որդեգրել է սպիտակ ու մաքուր աշխատելու քաղաքականություն, առանց հաշիվ գրելու ապրանք չի մատակարարում, իսկ գործընկերները , ում էտ ապրանքը պետք է հենց այդ օրը՝ գտնում են այլ մատակարար ով պատրաստ է առանց հաշիվ գրելու այդ ապրանքը մատակարարել՝ մտնելով առանց փաստաթուղթ մատակարարումը 500,000 նվազագույնը տուգանվելու ռիսկի տակ: Իսկ օրենքը պահող տնտեսվարողը մնում է գործընկերոջը կորցնելու ռիսկի հետ միասին:
Արդյունքում բարեխիղճ տնտեսվարողը կորցրեց մեկ օր ու շրջանառության որոշակի տոկոս:
Ու սա մի ընկերության օրինակուվ: Եվ այսպես վատ է գործում ՊԵԿ ծրագիրը արդեն մի քանի տարի, պատկերացրեք ինչ վնաս է պատճառում մեր տնտեսությանը: Բայց ամենավատն էն է, որ քանի տարկ է խնդիրը չի կարգավորվում, ինչը նշանակում է, որ խնդրի գիտակցում չկա:
Ասեմ, որ ՊԵԿ թեժ գիծը չի պատասխանում, բայց Ֆեյսբուքում ներողություն են խնդրում: Առաջարկում եմ արդարության համար տնտեսվարողներին էլ տալ այդ հնարավորությունը՝ ուշացած հարկերի, ուշացած հաշվետվությունների ... համար չտուգանվել այլ Ֆեյսբուքի էջով ներողություն խնդրել: Արդար չի՞», - գրել է Վահրամ Միրաքյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նախօրեին ՊԵԿ-ը հաղորդել էր, որ e-Invoicing համակարգը 2025 թվականի հոկտեմբերի 7-ին աշխատում է խափանումներով: Նշվել էր, որ աշխատանքներ են տարվում համակարգի բնականոն աշխատանքը շուտափույթ վերականգնելու ուղղությամբ։