Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025 13:03

Ամփոփվել է ԱրարատԲանկի հովանավորությամբ անցկացվող «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթը 

Ամփոփվել է ԱրարատԲանկի հովանավորությամբ անցկացվող «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթը 

Արմինֆո.Ավագ դպրոցի աշակերտների համար անցկացվող «Այլագիր» կոդավորման մրցույթը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նախագծերից է, որն անցկացվում է արդեն երկրորդ տարին։ Այս տարի մրցույթը, որի գլխավոր հովանավորն ԱրարատԲանկն էր, տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ 

Երևանի և մարզերի ավագ դպրոցի աշակերտներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաները ներկայացրել են ավելի քան 150 հայտ, սակայն եզրափակիչ փուլ է անցել ընդամենը 16 հայտ։ Մասնակիցները՝ ուսուցիչների մենթորությամբ, ինտերակտիվ նախագծերի միջոցով վերհանել են զանազան խնդիրներ և առաջարկել լուծումներ։ 

Տաղանդների հայտնաբերումը, մասնագիտական ուղղորդումն ու Հայաստանում գիտահետազոտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նպատակներից են։   

ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը համոզված է, որ կրթական և մշակութային ծրագրերի ապակենտրոնացումը կարևոր դեր ունի մարզերի զարգացման համատեքստում․ «Այսօր այն բիզնեսները, որոնք գործում են տարբեր համայնքներում, ծառայություններ մատուցելուց զատ պարտավոր են այլ արժեքներ ստեղծել։ Այս տեսանկյունից ԱրարատԲանկը դիրքավորվում է որպես սոցիալապես պատասխանատու կառույց, որի սոցիալական պատասխանության ծրագրերի պորտֆելի շուրջ 50%-ը կազմում են կրթական ծրագրերը, որոնց շուրջ համագործակցում ենք տարբեր հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ»։ 

«Անտրոհուս» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ավագ Սայանը նշել է, որ տարեցտարի ավելի մեծ զարգացում և աճ է տեղի ունենում աշակերտների շրջանում։ 

«Նրանք փորձում են լուծել հիմնախնդիրներ․ այսինքն, վերցնում են ՄԱԿ-ի կողմից սահմանված կայուն զարգացման հիմնախնդիրները կամ մեր երկրում իրենց համայնքի հետ կապված որևիցե հիմնախնդիր և փորձում գտնել այդ հիմնախնդրի լուծումը։ Եվ այստեղ կոդավորումը և ծրագրավորումը հանդես են գալիս ոչ թե որպես նպատակ, այլ միջոց»,- նշեց Ավագ Սայանը։   

Միջոցառումն ավատվեց մրցույթի երեք անվանակարգերի ամփոփմամբ՝ Տվյալների տեսապատկերում և վերլուծություն Snap! ծրագրով, Տվյալների տեսապատկերում և կանխատեսում Snap! ծրագրով և Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում Python ծրագրավորման լեզվով։