Արմինֆո.ՀՀ կառավարությունն իրականացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային միջոցների վերահաշվարկ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանը:
Կառավարության հոկտեմբերի 9-ի նիստում հաստատված որոշման նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ Հայաստանի քաղաքացիություն ընդունած բազմաթիվ վերաբնակներ բնակարանների ձեռք բերման համար հիփոթեքային վարկեր են ներգրավել, որոնք կառավարությունը պարտավորվել է վճարել պետբյուջեի միջոցների հաշվին: Սակայն ընթացիկ տարվա սեպտեմբերից հիմնական պարտքի և տոկոսագումարների վճարումներ, գործնականում, չեն իրականացվել։ Այդ հանգամանքը կարող է ստիպել բանկին գնալ ծայրահեղ միջոցի՝ գույքի առգրավման։ Այդ խնդրի լուծմանը լրացուցիչ կուղղվի 121 մլն 444 հազար դրամ, որը կներգրավվի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի ֆինանսավորման ծավալների կրճատման հաշվին, որը նախատեսում է աջակցություն երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար: Այդ միջոցառման տարեկան ճշտված բյուջեն կազմում է 27 009,7 մլն դրամ, սակայն կանխատեսվող ծախսերը կկազմեն 25 346,1 մլն դրամ: Ազատված լրացուցիչ միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղից փախստականների բնակարանային խնդիրների լուծմանը։ Նրանց վճարումները կիրականացվեն "Ամիո բանկ" -ի միջոցով։ Հիփոթեքային վարկերի մարման գործընթացը կիրականացվի յուրաքանչյուր ամսվա 20-ից:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը փախստականների հիփոթեքային վարկերի գծով պարտավորությունները մարում է բացառապես այն դեպքում, եթե նրանք ստացել են ՀՀ քաղաքացիություն: Ավելի վաղ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հաղորդել էր, որ ղարաբաղցիների դիմումները քննարկվում են արագացված կարգով (միջինը՝ մեկ ամսվա ընթացքում, թեեւ ընդհանուր միջին ցուցանիշը կազմում է 4,5 ամիս), իսկ նրանց դիմումների մերժման դեպքեր չեն արձանագրվել: