
Արմինֆո.ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը։
Ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հաղորդել է, որ երկու երկրների կառավարությունների քննարկման հիմնական շեշտադրումը եղել է Վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունը եւ դրա շրջանակում ԳԴՀ-ի կողմից ՀՀ-ին տեխնիկական եւ ֆինանսական աջակցության տրամադրումը։
Ըստ նրա՝ ՀՀ-ին կտրամադրվի 84,6 մլն եվրոյի դրամաշնորհ եւ վարկ, մեկ համաձայնագրով 69 մլն եվրո վարկ, որից 66 մլն եվրոն վարկ է եւ 3 մլն եվրոն՝ դրամաշնորհ: 15,6 մլն եվրո տեխնիկական համաձայնագրով դրամաշնորհներ կտրամադրվեն ՄՀԸ-ի (GIZ) միջոցով:
Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ վարկը կտրամադրվի երկու փուլով՝ առաջինով 26 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ, երկրորդ փուլով՝ 40 մլն եվրո վարկ եւ 1 մլն եվրո դրամաշնորհ: Գումարը կուղղվի «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում» ծրագրի իրականացմանը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 13-ի նիստում դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում: