
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ համագործակցությամբ, անցկացվել է ամփոփիչ կլոր-սեղան քննարկում, որը նվիրված էր Ղազախստան–Թուրքմենստան–Իրան–Հայաստան լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարներին։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, քննարկումը եզրափակում էր «Աստանա» դիվանագիտական ակումբի նախաձեռնությամբ իրականացված շուրջ յոթնօրյա ճանաչողական լոգիստիկ շրջայցը, որը անցնում էր նշված ուղիով։
Շրջայցի նպատակն էր խթանել տարածաշրջանային համագործակցությունը, ամրապնդել փոխադարձ տնտեսական կապերը և բարձրացնել փոխադրումների արդյունավետությունը։
Այն միաժամանակ մասնակիցների համար առիթ էր տեղում ծանոթանալու լոգիստիկ ուղու հնարավորություններին և գնահատելու դրա գործնական կիրառելիությունը։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, Իրանի դեսպանատան ներկայացուցիչներ, «Աստանա» դիվանագիտական ակումբի անդամներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ընկերությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև պետական կառույցների և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են լոգիստիկ ուղու զարգացման հնարավորությունները, ներկայացվել են Հայաստանի ենթակառուցվածքները, առկա պայմանները և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավման և տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափերի իրագործման հնարավորությունները։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան - Հայաստան երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրման երթուղու ստեղծման նախագծին։ Նա նշել էր, որ զուգահեռաբար արդեն իրականացվում են բեռնափոխադրումներ Չինաստան - Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով, ինչը վկայում է երկրների միջեւ տրանսպորտային-լոգիստիկ կապերի ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրության մասին:
"Կարծում եմ, որ այդ բեռնափոխադրումները կարող են պարբերական բնույթ կրել, հատկապես, հաշվի առնելով հայ գործարարների պոտենցիալ հետաքրքրությունը ղազախաչինական սահմանին տեղակայված "Խորգոս" սահմանային համագործակցության միջազգային կենտրոնի հնարավորությունների նկատմամբ: Միջտարածաշրջանային տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը հատկապես կարեւոր է Հայաստանի համար "Խաղաղության խաչմերուկ" ենթակառուցվածքային նախագծի իրականացման համատեքստում", - նշել էր ՀՀ փոխվարչապետը: