Արմինֆո. Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ ծանոթացել է Հայաստանի հարավում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախագծի (Resilient Syunik Team Europe Initiative)շրջանակներում իրականացվող ծրագրերին։
Աջակցություն գյուղական հատվածի ուսանողներին
Ճանաչողական շրջայցի ընթացքում, որին մասնակցում էին նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, դեսպաններն այցելել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ: MAVETA ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է նախաձեռնության նպատակների մասին, որոնք ուղղված են գյուղական հատվածի ուսանողների ինքնազբաղվածության բարելավմանը: 2022 թվականի սեպտեմբերին մեկնարկած ծրագիրը, նրա խոսքով, նպատակ ունի աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակության բարձրացմանը:
"Այս ծրագրի շրջանակներում վերանայվել և կատարելագործվել է վեց ուսումնական ուղղություն։ Ուսուցումը տեղի է ունենում Լոռիում, Սյունիքում, Երևանում, Տավուշում և Արմավիրի մարզում: Այս պահին արդեն 671 ուսանող հաջողությամբ ավարտել է երկակի ուսուցումը, եւ նրանցից շատերը պրակտիկա են անցնում պոտենցիալ գործատուների մոտ ՝ ունենալով աշխատանքային պայմանագրեր եւ ստանալով վարձատրություն իրենց աշխատանքի դիմաց", - պատմել է Հովհաննիսյանը։
Համալսարանի ագրոտեխնոլոգիայի և բնագիտական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Արմինե Շողունցն, իր հերթին, անդրադարձել է դուալ ուսուցման կարևորությանը, այն է ՝ ուսուցման տեսական և գործնական մասերի համադրմանը: Նա նշել է, որ ուսուցման գործնական բաղադրիչի ներդրումը չափազանց կարևոր է այն մասնագետների պատրաստման համար, որոնք կարող են նաև ուսուցման արդյունքում զարգացնել սեփական բիզնեսը:
"Հարկ է նշել, որ քոլեջը նաև միակ վայրն է, որտեղ գյուղատնտեսները կարող են հողի նմուշներ բերել ստուգման համար: Արդեն երեք տարի է, ինչ քոլեջը միջազգային գործընկերների աջակցությամբ համալրվել է հողի որակի վերլուծության լաբորատորիայով: Չնայած որոշակի պարամետրերի չափման համար անհրաժեշտ որոշ սարքերի բացակայությանն առնչվող խնդիրներին՝ քոլեջը ջանքեր է գործադրում տեղացի ֆերմերների կարիքները բավարարելու համար", - նկատեց Շողունցը։
Սոցիալական տաքսի հիվանդների համար
Գորիս քաղաքում "Սանտե Արմենիա" ընկերության կողմից ստեղծված հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն կատարած այցի ընթացքում դեսպաններին ներկայացվել է տարածաշրջանում առաջին սոցիալական տաքսի ծառայությունը: Այդ կենտրոնը, որը Հայաստանի հարավում առաջին մասնագիտացված հաստատությունն է, տրամադրում է անվճար բազմամապրոոֆիլ օգնություն և բացման պահից արդեն սպասարկել է ավելի քան 460 հիվանդի: Սոցիալական տաքսի ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես պատմել են կենտրոնի ներկայացուցիչները, առաջացել է նախագծի շահառուների տեղաշարժին առնչվող խնդիրների պատճառով:
"Նախկինում հիվանդները լուրջ դժվարությունների էին հանդիպում Կենտրոն այցելելիս, ինչը նրանց համար իսկական փորձություն էր դառնում։ Սոցիալական տաքսիի հայտնվելուց հետո այդ ծառայությունը տրամադրում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական աջակցություն, որը թույլ է տալիս հիվանդներին զգալ հավասար և հասարակության մեջ ինտեգրված", - պարզաբանել են կենտրոնի ներկայացուցիչները։
Նրանք նաև ընդգծել են, որ Սյունիքում միակ մասնագիտացված հաստատությունն են, որը օգնություն է տրամադրում նեյրոօրթոպեդիկ հիվանդություններով հիվանդներին: Նախաձեռնությունը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Այս պահի դրությամբ կենտրոնի ծառայություններից օգտվել է շուրջ 30 շահառու, ընդհանուր առմամբ , իրականացվել է շուրջ 230 փոխադրում:
Metakse Hnchyun տպարանի բացումը
Մամուլի շրջայցի շրջանակներում դեսպանները ներկա են գտնվել նաև Metakse Hnchyun տպարանի բացմանը, որի տնօրենն է Ներսես Խառատյանը: Նա պատմել է, որ տպարանը Հայաստանում առաջինն է, որ զբաղվում է սոցիալական աջակցությամբ, մասնավորապես, նախկին բանտարկյալներին և պրոբացիայի ծառայությունում հաշվառված մարդկանց:
Նախագիծն իրականացվում է ԵՄ "Գործընկերություն հանուն Սյունիքի" ծրագրի շրջանակում: Տպարանի տնօրենը շեշտել է, որ իրենց նպատակն է վերասոցիալականացնել այդ մարդկանց, նրանց աշխատանք տրամադրել և օգնել բարելավել իրենց հմտությունները: Նա նշել է, որ Կապանում և Սյունիքում ընդհանրապես նման տպարաններ նախկինում չեն եղել, և, ըստ էության, իրենք առաջինը կլինեն այդ ուղղությամբ: "Նման նախաձեռնությամբ մենք նաև ձգտում ենք փոխել հասարակական կարծիքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց մասին։ Նրանք պետք է հասկանան, որ այն, ինչ տեղի է ունեցել իրենց հետ, դատավճիռ չէ։ Եվ նման մարդիկ կարող են դառնալ հասարակության մի մասը եւ ցույց տալ իրենց փոխվելու ունակությունը", - ընդգծել է Խառատյանը։
Սյունիքի մարզպետն ու դեսպանները՝ իրականացվող ծրագրերի մասին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը տարածաշրջանի զարգացմանը: Ներկայումս, նրա խոսքով, իրականացվում է ավելի քան 80 ծրագիր, որոնք ուղղված են տարածաշրջանի կայունության բարձրացմանը: Ընդ որում, Ղուկասյանը հաղորդել է, որ ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկները գալիս են հենց համայնքներից, ինչի շնորհիվ էլ իրենք իրենց հերթին որոշում են առաջնային խնդիրները՝ քննարկելով դրանց լուծման առաջարկները մարզի եւ նախարարությունների մակարդակով:
Մարագոսն ընդգծել է, որ այդ բոլոր ծրագրերը կարևոր է համարում հենց այն պատճառով, որ դրանք թիրախային են և օգնում են այն մարդկանց, ովքեր ամենից շատ ունեն այդ աջակցության կարիքը: "Այդ ծրագրերի կարևորությունը գնահատվում է հենց նրանով, որ դրանցից օգտվում են մարդիկ։ Եվ կարևոր է նաև այն, որ դրանք ընդգրկում են տարբեր ոլորտներ", - նշել է դեսպանը։
Իր հերթին՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը հավելել է, որ այդ նախաձեռնությունները ոգեշնչում են և նոր հնարավորություններ են բացում ժամանակակից պահանջներին հարմարվելու համար: Անդրադառնալով մամուլի շրջայցին՝ նա նշել է, որ այն առանձնանում է ծրագրերի իրականացմանն ու դրանց արդյունքներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև շահառուների հետ շփվելու և նրանց կարիքները կենդանի շփման միջոցով բացահայտելու հնարավորության տեսանկյունից: "Այս բոլոր ջանքերը մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի բնակիչների համար պայծառ ապագա ձևավորելու համար", - ամփոփել է դեսպանը:
Նշենք, որ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվել է 2021 թվականի հունվարի 18-ին: "Կայուն Սյունիք նախաձեռնությունը" ԵՄ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ պետությունների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է:
Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, մասնավորապես, մանր, փոքր և միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավման և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնման, կենսաբազմազանության "կանաչ" զարգացման և պաշտպանության, կայուն օգտագործման և վերականգնման տարածաշրջանային մոտեցումների կիրառման միջոցով: Նախաձեռնությունը համապատասխանում է ՀՀ կառավարության Սյունիքի մարզի զարգացման ծրագրին, ինչպես նաև ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի հարավային շրջանների կայունության ծրագրի առաջնահերթություններին: