
Արմինֆո. Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելեելով․ «Խաղաղությունը հաստատված է»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին: «Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները ։ Առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի բեռն էր դեպի Հայաստան ։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլևս ոչ միայն թղթի վրա է, այլև՝ գործնականում», - հայտարարել էր Ալիևը։
Այնուհետև հրապարակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հայտարարությունը, որում նա նշել է. «Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»։