
Արմինֆո. Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը պնդում է, որ հայկական ընկերությունների կողմից "կոնյակ" բառի օգտագործումը միանգամայն օրինական է: Նա անհեթեթություն է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ “Հայկական կոնյակ չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի Ջերմուկ”։ «Ի՞նչ է ասում և ու՞մ է ասում։ Ո՞րտեղից է մարդը վերցնում այս անհեթեթ մտքերը», - գրում է Բագրատյանը՝ սոցցանցում։
«Կոնյակը, Ժառնակը և այլն ֆրանսիական քաղաքներ են, Շարանտ դեպարտամենտում, երկրի արևմտյան մասում։ “ակ” վերջածանցը վկայում է, որ դրանք հիմնված են հռոմեացիների կողմից։ Ֆրանսիայի այս մասում հողահանդակներն աղքատիկ են և լավ գինու արտադրության համար համապատասխան որակի խաղող չի աճում։ Բայց դարերի խորքից ֆրանսիացի ջանասեր ու նորարար գյուղացու սելեկցիոն աշխատանքի շնորհիվ ստացվել է ունի-բլան և այլ սպիտակ տեսակի խաղողի սորտ։ Սրա սպիրտի պարունակությունը քիչ է, իսկ թթվայնությունը բարձր է։ Այս սորտից լավ գինի չի ստացվում, բայց լավ սպիրտի համար այն իդեալական որակի մթերք է (քանի որ սպիրտը թորվածք է, իսկ գինին ֆերմենտացիայի արդյունք է)։
Հիմա, “կոնյակ” արտադրանքը (չշփոթել ապրանքանիշի հետ) 1909թ սկսած այն թորվածքն է, որը սպիտակ խաղողից է և արտադրվում է Կոնյակ (Շարանտ) տարածաշրջանում։ Ուշադրություն դար-րեք՝ 1909թ։ Հայկական կոնյակը նույնպես սպիտակ խաղողից է։ Բայց այն արտադրվում է 1887թ։ 1909-ի ֆրանսիական ապելյացիոն օրենքը մեր վրա չի տարածվում։ Եվ ուրեմն, մենք ունենք կոնյակ բառն օգտագործելու լիարժեք իրավունք։ Եվս մի իրավական ակտ մեր օգտին է. եթե տվյալ ապրանքատեսակը երկար ժամանակ օգտագործվել է և սպառողների համար դարձել կենցաղային գիտակցության բաղադրիչ, ապա սպառողն իրավունք ունի պահանջելու ապրանքի շարունակական օգտագործումը։ Այսպես, ռոքֆոր պանրի կամ շամպայնի օգտագործումը մեր, նախկին ԽՍՀՄ, ապրանքարտադրողների կողմից բացարձակ օրինական է. ապրանքարտադրողներն ու սպառողները մեղք չունեն, որ նախկին ԽՍՀՄ-ը, ներկայումս գոյություն չունեցող, առևտրական վեճեր է ունեցել։ Այսպիսով, կոնյակ բառի օգտագործումը հայկական ընկերությունների կողմից բացարձակապես օրինական է։
Հետաքրքիր է, որ 2000-ականների սկզբներին հայկական ապրանքարտադրողներից մեկը միջազգային դատարանում հաղթել է այս հարցով։
Այլ հարց է, որ ՀՀ որոշ վարչապետներ, չհասկանալով, չխորանալով, խորհուրդ վերցնելու անընդունակ, փորձում են հաճոյանալ, քծնել Ֆրանսիային։ Պրոցեսը սկսեց Տիգրան Սարգսյանը. 2012-ին նրա փոխանցումով, ԱԺ-ն ընդունեց Արբունի մասին օրենք։ Դրանից հետո հեռավոր արտասահման արտահանվող շշերի էտիկետների վրա սկսեցին անգլերեն գրել. Brandy։ Դեպի Ռուսաստան գնացող, ԱՊՀ ներսում (նաև Հայաստանում) սպառվող արտադրանքի վրա շարունակում էին օգտագործել коньяк և “կոնյակ” բառերը։ Փաշինյանը սրա վերջն էլ է ուզում տալ։ Դա ստեղծում է գոյության հիմնախնդիր ավելի քան 250 մլն դոլարի համախառն արտադրանք թողարկող ճյուղի համար։
Այսպիսով, ի հեճուկս Տ.Սարգսյանի և Ն.Փաշինյանի, հայկական կոնյակ կա և իրավունք ունի լինելու», - գրում է Հրանտ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ հայ արտադրողները Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում 2043 թվականից կհրաժարվեն "կոնյակ" բառի օգտագործումից և քննարկում են նոր անվանումը՝ շուկաները չկորցնելու համար։ Համաձայնագրում պարունակվող "կոնյակ" անվանումից հրաժարվելու պահանջը պայմանավորված է այն հանգամանքով, որ տերմինը պաշտպանված աշխարհագրական նշում է, որը, ԵՄ-ում գործող կանոնների համաձայն, կարելի է օգտագործել միայն Ֆրանսիայի Շարանտ դեպարտամենտում թողարկված արտադրանքի համար, որտեղ գտնվում է քաղաքը, որի անունով էլ սկսել են կոչել խմիչքը: Հայկական կոնյակի ռեբրենդինգի ծրագրի իրականացման համար ԵՄ-ը հատկացրել է 2.9 մլն եվրո։ "Ռեբրենդինգի առանցքայինն այն է, որ Armenian Brandy նոր անվանումը կգրանցվի որպես աշխարհագրական նշում, որը կունենա արտադրության վերահսկողության որակի հստակ մեխանիզմներ եւ չափանիշներ, որոնք պետք է կիրառեն այդ անվանումն օգտագործող արտադրողները", - ավելի վաղ ասել էր էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: