
Արմինֆո. Չնայած պետական պարտքի ծավալների բացարձակ թվերով աճին՝ Հայաստանի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2026 թվականին կմնա նույն մակարդակի վրա, ինչ 2025 թվականին։ Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս։
Նրա խոսքով՝ միջազգային և տեղական շուկաներում տոկոսադրույքների նվազումը կհանգեցնի պետական պարտքի գծով վճարումների բեռի կայունացման: Պետական պարտքի առաստաղը հաշվարկվել է՝ ելնելով փոխարժեքների տատանումների հետ կապված որոշ ռիսկերից ։ Եթե այդ ռիսկերը չեզոքացվեն, ապա պետական պարտքի սպասարկման ցուցանիշները ծրագրվածից ավելի ցածր կլինեն։ Միայն ընթացիկ տարում վերը նշված գործոնների հաշվին պետական պարտքի վճարումների գծով տնտեսումը կկազմի շուրջ 40 մլրդ դրամ։
Նախարարը նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ներքին պարտքը գերազանցել է 50 տոկոսի շեմը։ Մոտակա հեռանկարում այդ հարաբերակցությունը փոքր-ինչ կփոխվի հօգուտ արտաքին պարտքի, որը կավելանա։ Դա իրացվելիության տեսանկյունից թույլ կտա նվազեցնել ճնշումը Հայաստանի բանկային համակարգի վրա, որը կկարողանա ավելի շատ ներդրումներ ուղղել երկրի տնտեսություն։
Նշենք, որ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 13,85 մլրդ դոլար։ 2025 թվականի առաջին կիսամյակում այն դոլարային համարժեքով ավելացել է 7,9% - ով, ինչը պայմանավորված է, հիմնականում, 750 մլն դոլարի եվրապարտատոմսերի թողարկմամբ։ Ներքին պարտքը կազմում է պարտքի ընդհանուր ծավալի 52%-ը։