Արմինֆո. Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրօրինակ համերգային ծրագրով մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը։ Այս նախագծի շրջանակում, որպես հավերժ կյանքի խորհրդանիշ, Հայաստանում շուտով կտնկվի «Սիմֆոնիկ անտառ»։ Այս նախագծով նաև նվագախումբը տոնելու է իր հոբելյանական 20-րդ համերգաշրջանը:
«Սիմֆոնիկ անտառ» համերգի գլխավոր աջակիցն IDBank-ն է, որն Իդրամ ընկերության հետ համատեղ իրականացվող «Մի դրամի ուժը» նախագծով միացել է նաև անտառի ստեղծմանը։ Նախաձեռնության շրջանակում առաջիկայում տնկվելու է 20 000 ծառ։ Ծառերից առնվազն 6250-ը տնկվելու է «Մի դրամի ուժի» շնորհիվ։
««Սիմֆոնիկ անտառի» ամենամեծ յուրահատկությունն այն է, որ լինելու է բեմում ելույթ ունեցող նվագախմբի դասավորությամբ: «Եթե վերևից նայենք անտառին, այն կունենա Սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքին բնորոշ տեսք»,- նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:
««Մի դրամի ուժը» ծրագիրն ու «Սիմֆոնիկ անտառը» շատ նման են իրենց ասելիքով․ այս երկու գաղափարի հիմքում միասնության կարևորությունն է: Փոքրիկ ջանքերը համատեղվելով՝ մեծ ուժ են դառնում ու բերում փոփոխություն յուրաքանչյուրիս կյանքում»,- Նշեց Իդրամի և IDBank-ի հաղոդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ եթե «Մի դրամի ուժ»-ի դեպքում այդ փոփոխությունները բերում են երկրի համար կարևոր բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչող, աննշան թվացող մեկ դրամները, ապա «Սիմֆոնիկ անտառի» պարագայում այդ փոփոխությունը բերում է ամեն գնված տոմս, որն ապագա «Սիմֆոնիկ անտառում դառնալու է առնվազն մեկ ծառ․ «Վստահ եմ, որ տարիներ անց մենք կունենանք արդեն սաղարթախիտ անտառ և միգուցե այնտեղ վայելենք սիմֆոնիկ երաժշտություն»,-եզրափակեց Տաթևիկ Վարդևանյանը։
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանն ընդգծում է․ «Շատ կարևոր համագործակցություն է, որովհետև երաժշտությունը անչափ կարևոր է մարդու հոգու համար, իսկ բնությունը շատ կարևոր է մարդու ապրելու համար»։
Հիշեցնենք, որ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի և «Մի դրամի ուժը» նախաձեռնության համագործակցությամբ Հայաստանում մինչ օրս ավելի քան 30 000 ծառ է տնկվել։