
Արմինֆո. Տնտեսության զարգացումն ընթանում է դրական հունով։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի շուրջ լսումներում:
Հղում անելով վիճակագրական տվյալներին՝ նա հիշեցրել է, որ 2025թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է տնտեսական ակտիվության 7.6% աճ, իսկ միայն մեկ ամսում ՝ 10.5%:
"Սա վկայում է կառավարության տնտեսական քաղաքականության արդյունավետության մասին և մեզ հիմք է տալիս պնդելու, որ մեր ձգտումները՝ ունենալ ավելի բարձր աճ, քան դրված է պետբյուջեի նախագծում, միանգամայն իրատեսական են", - ասել է նա: Այդ առումով Պապոյանը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարվա սկզբին, երբ կամփոփվեն 2025 թվականի արդյունքները, Հայաստանի ՀՆԱ աճը կգերազանցի բյուջեով նախատեսված ցուցանիշը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչեւ տարեկան 7,6% (2024թ. նույն ժամանակահատվածի 8,7% - ից)։ 2025թ. հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճի արգելակումն առավելապես բխել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացումից՝ 12,6% աճից մինչև 5,7% անկում, և առևտրի ոլորտի աճի խիստ դանդաղումից՝ 19,5%-ից մինչև 3,5%:
Ընդ որում, 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի նկատմամբ տնտեսական ակտիվության աճն, ընդհակառակը, արագացել է մինչև 10,5%-ով (մեկ տարի առաջվա 7% - ից), իսկ միայն սեպտեմբերին աճն արագացել է 5,4% - ից մինչև 9,8% (2024թ.սեպտեմբերի աճի 7,2% - ից մինչև 6,6% դանդաղման դիմաց)։