Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025 10:36
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա

ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ հոկտեմբերի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում կայացել է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։

 

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, ներդրումների, ներմուծման և արտահանման, միկրո և միջին ձեռնարկատիրության զարգացման, վերականգնվող էներգետիկայի, կայուն քաղաքային զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

 

«Հայաստանի ու Գերմանիայի միջև ձևավորվել է ամուր, վստահելի և հեռանկարային համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ներառական տնտեսական աճի վրա։ Վերջին տարիների ընթացքում Գերմանիան դարձել է Հայաստանի ամենահուսալի գործընկերներից մեկը՝ թե՛ երկկողմանի, թե՛ Հայաստան-ԵՄ ավելի լայն շրջանակներում։ Այսօրվա երկխոսությունը ևս մեկ կարևոր քայլ է այս գործընկերության խորացման և մեր համատեղ ջանքերը Հայաստանի կայուն, կանաչ և բազմազան զարգացման երկարաժամկետ տեսլականի հետ համապատասխանեցնելու ուղղությամբ», - նշել է Գևորգ Պապոյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարևորել է Գերմանիայի աջակցությունը Հայաստանում քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացման, կայուն զարգացման, կանաչ տնտեսության խթանման և սոցիալական ինտեգրման ուղղություններով։

 

Գևորգ Պապոյանն իր խոսքում ընդգծել է նաև Հայաստան–ԵՄ համագործակցության շրջանակում Գերմանիայի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

 

Նիստին մասնակցել են նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։