
Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքները աճ են գրանցել։ Եվրոյով գործարքներ արդեն 5 ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը ծավալվել է 44% անկումից դեպի 2,3 անգամ էական աճ, ինչը դիտվել է նաև ռուբլով գործարքների դեպքում, որոնց թրենդը նույնպես ծավալվել է 48% անկումից դեպի չափավոր 25% աճ։ Դա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալի 2 անգամ գերակայության վերականգնում ռուբլու նկատմամբ, մինչդեռ, նախորդ երկու շաբաթներին ռուբլով գործարքները պահպանում էին գերակայությունը դոլարային գործարքների նկատմամբ (1,2-1,1 անգամ)։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (27-31.10.25-ը ՝ 20-24.10.25-ի համեմատ) դոլարի առքն աճել է վաճառքի աճի արագացման պայմաններում, իսկ եվրոյով և ռուբլով գործարքներում աճել են թե առքը, թե վաճառքը։ Արդյունքում, ս.թ. հոկտեմբերի 27-31 - ը դրամը դոլարի նկատմամբ «սառել է» 383,5 դրամ/1դոլար մակարդակում, ընդ որում, շարունակելով ամրապնդվել եվրոյի նկատմամբ' 445-ից 443 դրամ/1եվրո մակարդակում, իսկ ռուբլու նկատմամբ թուլացել Է 4,69-ից 4,71 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2024թ.հոկտեմբերի 31 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 386,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 419 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 3,98 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։