Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025 10:33
Մարիաննա Մկրտչյան

Միրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր

Միրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր

Արմինֆո Նոյեմբերի 11-ին Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի եվրոպական հարցերով նախարար Մարի Բյեռի հետ։

 

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ ընդգծելով այդ գործընկերությունը որակապես նոր հարթություն տեղափոխող՝ առաջիկայում ստորագրվելիք նոր օրակարգի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել վերջին շրջանում մի շարք ուղղություններով արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին, այդ թվում՝ վիզաների ազատականացման ուղղությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումը համահունչ է ՀՀ քաղաքացիների ձգտումներին, որոնք արտահայտվեցին նաև այս տարի ընդունված՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքում։  

 

Արարատ Միրզոյանը և Մարի Բյեռը մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերի և դրանց հաղթահարման հարցում լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում կարևորվել է ԵՄ շարունակական աջակցությունը ՀՀ դիմակայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։

 

Նախարարները քննարկել են նաև Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի դիվերսիֆիկայի ուղղություններով։

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  2026թ. մայիսի 4-ին Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներում փոխգործակցության հարցերի։

 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է  օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթաժողովի արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանում և դրանից անդին տնտեսական փոխգործակցության զարգացման նոր հնարավորությունները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել է ՀՀ կառավարարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն ու դրա անբաժանելի մաս կազմող՝ «TRIPP ուղի» նախագծին, որի կյանքի կոչումը լիովին համահունչ է ԵՄ «Համաշխարհային դարպաս» ծրագրին։