
Արմինֆո.Կառավարության նոյեմբերի 14-ի նիստում գործադիրը հավանություն է տվել 2025 թ. հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։ Համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվում փոքր և միջին ձեռնարկությունների փոխգործակցությանը, ինչպես նաև համաձայնագրով ստեղծված հնարավորությունների և կիրառվող կանոնակարգերի մասին բիզնեսին ժամանակին տեղեկացնելու պարտավորություններին: Համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունները ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 86%-ի չափով, որի արտահանման ծածկույթը դեպի ԱՄԷ Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 98%: ՀՀ-ից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%-ը, մնացած 5%-ը չի ծածկվում զիջումներով։ 2023 թ. դրությամբ Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ։ Արդյունքում՝ արտահանման ծավալների պահպանման դեպքում հայկական արտահանողները ուղղակի կսուբսիդավորվեն մոտ 500 հազար ԱՄՆ դոլարով, իսկ Հայաստանից ԱՄԷ արտահանվող ապրանքների միջին մաքսատուրքը 6%-ից կնվազի 2,6%-ի։ Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ, մասնավորապես՝ այլ թարմ մրգեր, այդ թվում՝ ելակ, վայրի ելակ և այլն, լակտոզա, թարմ լոլիկ, մրգահյութեր, մեղր, ջեմեր, շաքարով հանքային ջուր, կենդանի բույսեր, խնձոր, ծիրան, սոուսներ և այլն։