Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025 12:34
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Ֆրանսիան հետաքրքրված են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմամբ

Հայաստանն ու Ֆրանսիան հետաքրքրված են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմամբ

Արմինֆո. Գրենոբլ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի մասնակցությամբ հանդիպում է  ունեցել Վալանսի քաղաքապետ, Օվերն–Ռոն–Ալպեր մարզի փոխնախագահ Նիկոլաս Դարագոնի հետ:

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն,  հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավոր ուղիները, ինչպես նաև փորձի փոխանակման հնարավորությունները:

 

Նախարարի տեղակալը մասնակցել  է Ֆրանսիայի Վալանս քաղաքում անցկացված մի շարք տեխնոլոգիական միջոցառումների և հանդիպումների։

 

Esisar ինժեներային դպրոցում կայացած CSAW կիբեռանվտանգության միջոցառմանը Ռուբեն Սիմոնյանը կարևորել է կիբեռանվտանգության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև նոր գործընկերությունների ձևավորման նշանակությունը՝ ընդգծելով նման հարթակների կարևոր դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։

 

Հաջորդիվ հայկական պատվիրակությունն այցելել է տարածաշրջանի առաջատար ինովացիոն կենտրոններից մեկը՝ Valence Romans Innov։ Կենտրոնի տնօրեն Դավիդ Ելին ներկայացրել է կառույցի գործունեությունը, էկոհամակարգը և նորարարական ծրագրերը՝ անդրադառնալով հայկական տեխնոլոգիական ոլորտի աճին և համագործակցության հնարավորություններին։

 

Քննարկումների ընթացքում կողմերն ընդգծել են, որ հայկական և ֆրանսիական տեխնոլոգիական թիմերի միջև կապերի զարգացումը կարող է բացել նոր համագործակցության հնարավորություններ։ 

 

Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի դինամիկ զարգացումը ստեղծում է ամուր հիմք՝ երկարաժամկետ և գործնական ծրագրերի իրականացման համար։ 

 

Ամփոփելով հանդիպումը` կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ: