
Արմինֆո.ՀՀ կառավարությունը նոյեմբերի 20-ի հերթական նիստում որոշում է ընդունել տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ի 3-րդ ՝ վերջին փայը ձեռք բերելու մասին:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մայիսի 21-ի N 771-Լ որոշման 2-րդ հավելվածով հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում երկրորդ ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում պետությունն ուղղակի մասնակցում է «Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին» 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր գումարով՝ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։
«Ֆոնդի հիմնական նպատակներից մեկն է ստեղծել նախադեպ՝ նման ֆոնդերի և հիմնադրամների գործունեության համար, որն իր հերթին կնպաստի կապիտալի շուկայի զարգացմանը և ՀՀ տնտեսությունում այլընտրանքային ֆինանսական գործիքների ձևավորմանը, ինչպես նաև ընդհանուր կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը», - ասվում է փաստաթղթում:
Ֆոնդն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունվարից։ Ֆոնդի ներդրողներից են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական միությունը, կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, Նիդեռլանդների զարգացման բանկը և այլն։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ֆոնդին միացել է 2021 թվականին։ Մասնավորապես, 2021 թվականի հուլիսի 8-ին Որոշման մեջ կատարված փոփոխություններով հաստատվել է Ծրագիրը, իսկ 26․11․2021թ․ կնքվել է Ֆոնդի բաժնեմասային մասնակցության մեջ ներդրում կատարելու բաժանորդագրության պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը միացել է Ֆոնդի սահմանափակ գործընկերության համաձայնագրին (այսուհետ՝ Ֆոնդի կանոններ)։
Թե որոշմամբ և թե ֆոնդին բաժանորդագրության պայմանագրով Կառավարությունը պարտավորվել է ֆոնդում ներդնել ընդհանուր 3 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար։ Որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել երեք մասնաբաժնով՝ յուրաքանչյուրը մինչև 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով։ Ընդ որում, առաջին 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով:
31․10․2025թ․ դրությամբ Կառավարության կողմից Ֆոնդին փաստացի փոխանցվել է ընդհանուր 1,953,501 ԱՄՆ դոլար գումար։ Հետևաբար հաշվի առնելով, որ արդեն իսկ ձեռքբերված փայերի գումարը մոտենում է 2 մլն ԱՄՆ դոլարին և ֆոնդի կողմից ներկայացվել և Կառավարության կողմից դեռևս չի վճարվել ընդհանուր 119,041,98 ԱՄՆ դոլարի չափով գումար՝ Ֆոնդի փայերի հաջորդիվ ձեռքբերումը Որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն կարող է կատարվել միայն Կառավարության որոշման հիման վրա։
Նախագծի փաթեթին կից ներկայացվում են նաև Ֆոնդի կողմից ներկայացված հաշվետվությունները, ինչպես նաև Ամբեր Կապիտալ Արմենիա ընկերության կողմից ներկայացված ֆոնդի շահութաբերության հաշվարկը 2024թ․ աուդիտ անցած հաշվետվությունների հիման վրա՝ հաշվարկված Ներդրումների իրական արժեքի և ձեռքբերման արժեքի հարաբերության գործակցի միջոցով (MOIC – Multiple on Invested Capital)։