
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հայաստանի նորանշանակ ծրագրերի պատասխանատու Մարին Լեգարդին։
ՊԵԿ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԶՖԳ հետ համագործակցության շրջանակում արդեն իսկ առկա ձեռքբերումները, և հույս հայտնել, որ կշարունակվի ակտիվ համագործակցությունը։
Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը միտված նոր տեխնիկական աջակցության կարիքներն ու հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ կարևորելով խաղային գործունեության բարելավման ուղղությամբ տրամադրվող աջակցության շարունակականությունը, կրիպտոարժույթների և բլոգերների հարկման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում կարողությունների զարգացումը, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման բարելավման նպատակով նորարարական տեխնոլոգիաների (AI, Chatbot) ներդրումը։
Անդրադարձ է կատարվել նաև Քաղաքականության վրա հիմնված վարկավորման հնարավոր սպասվելիք ուղղություններին, ներառյալ ՊԵԿ հարկային ու մաքսային նոր ռազմավարությունների շրջանակում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև հարկ վճարողների իրազեկման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի շրջանակում կատարված միջոցառումները։
Ինչպես նշվում է ԶՖԳ-ի պաշտոնական կայքում, Ֆրանսիական զարգացման գործակալությունը հիմնադրվել է 1941 թվականին և հանդիսանում է աշխարհի ամենահին զարգացման բանկը: Այն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ "Ազատ Ֆրանսիա" շարժման առաջնորդ գեներալ դը Գոլի կողմից եւ ի սկզբանե կոչվել է "Ազատ Ֆրանսիայի կենտրոնական դրամարկղ" (CCFL), ֆինանսավորել է նացիստական Գերմանիայի դեմ դիմադրության շարժումը: Ավելի քան 80 տարի անց ԶՖԳ խմբի մանդատն ընդլայնվել է և ներկայումս ընդգրկում է ավելի քան 4000 նախագիծ 160 երկրներում:
Հայաստանն այն 60 երկրների շարքում է, որոնց հետևում են ԶՖԳ տնտեսագետները, որոնք զբաղվում են երկրի ռիսկերի վերլուծությամբ: Նրանց գնահատականները լույս են սփռում երկրների զարգացման տնտեսական հետագծի, ինչպես նաև մակրոտնտեսական և ֆինանսական իրավիճակի վրա։
2013 թվականից Հայաստանում գործող ԶՖԳ խումբը ֆինանսավորում է ծրագրեր, որոնք նպաստում են կլիմայի փոփոխության դեմ պայքարին և արդար ու ներառական անցումների ապահովմանը: "Մենք աջակցում ենք բնական ռեսուրսների կայուն կառավարմանն ու պահպանմանը, էներգետիկ անցմանը, պետական ֆինանսների կառավարմանը եւ քաղաքային ծառայություններին", - նշում են ԶՖԳ-ում: