
Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 20-ին այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում դեսպանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԱԲ-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ջ. Լունդգարդին՝ Apple-ի առաջին կրթական ծրագիրը Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT) գործարկելու համար։ Կողմերն ընդգծել են կրթական ծրագրի ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանք կատարելու իրենց պատրաստակամությունը։
Նույն օրը դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է OpenAI-ի Գլոբալ բիզնեսի գծով փոխնախագահ Նեյթ Հարբաչեկի և Միջազգային քաղաքականության ու գործընկերությունների բաժնի ներկայացուցիչ Այվի Լաու-Շինդեվոլֆի հետ։ Քննարկվել են արհեստական բանականության կիրառման հնարավորությունները կրթության, առողջապահության, արդյունաբերության, ամպային ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում։
Դեսպանը կարևորել է OpenAI-ի հետ համագործակցությունը՝ որպես Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման առանցքային ուղղություն։ OpenAI-ի ներկայացուցիչները հայտնել են, որ առաջիկայում հայկական կողմին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը։
Նախօրեին դեսպան Նարեկ Մկրտչյանը այցելել է նաեւ Google-ի կենտրոնակայան Սան Ֆրանցիսկոյում, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար Հրաչ Աչաջյանի (Head of AI GTM) հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Google-ի միջազգային համագործակցության թիմի ներկայացուցիչ Ռավեն Բելամին, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչ Գոհար Գալյանը։
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ Google-ի փորձառությունը կարող է առավել նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը։