
Արմինֆո. Հայաստանում անշարժ գույքի գնահատման իրավունք կստանան նաև միջազգայնորեն ճանաչված մասնագետներն ու կազմակերպությունները: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Գնահատման գործունեության մասին" օրենքում փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշել է Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը, գնահատման ինստիտուտն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի կայուն և թափանցիկ գործունեության ապահովման համար: Գնահատման արդյունքները լայնորեն կիրառվում են քաղաքացիաիրավական գործարքներում (գույքի առք ու վաճառք, վարձակալություն, վարկ, գրավ և այլն), հարկային գործընթացներում, ինչպես նաև՝ վարչական և դատական դատավարություններում: Այդ ամենը վկայում է այն մասին, որ գնահատման ծառայությունների մատչելիությունն ու որակը ուղղակիորեն ազդում են ոչ միայն առանձին գործարքների օրինականության և արդյունավետության, այլև տնտեսության ներդրումային միջավայրի կայունության վրա:
"Գնահատման գործունեության մասին" ՀՀ օրենքը ներկայումս գնահատում իրականացնելու իրավունք է վերապահում միայն Հայաստանի Հանրապետությունում որակավորում ստացած մասնագետներին: Սակայն տնտեսական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը, միջազգային ներդրումային ծրագրերի աճը և Հայաստանի Հանրապետության ինտեգրումը միջազգային շուկաներին պայմանավորում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այդ թվում ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ճանաչված և վավերացված որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների և կազմակերպությունների կողմից երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու հնարավորության օրենսդրական ամրագրման անհրաժեշտությունը:
Նախագծի ընդունումն ուղղված է երկրում գնահատման գործունեության զարգացմանը, դրա մրցունակության, թափանցիկության և միջազգային չափանիշներին համապատասխանության բարձրացմանը: Առաջարկվող նորմատիվ ակտը թույլ կտա հանրապետությանը դուրս գալ գնահատման գործունեության միջազգային շուկա և ստեղծել որակյալ, հուսալի և ներդրումների համար շահավետ ծառայությունների մատուցումն ապահովող համակարգ: Օտարերկրյա ներդրողների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ, քանի որ նրանք հնարավորություն կունենան օգտվելու միջազգայնորեն ճանաչված մասնագետների և կազմակերպությունների ծառայություններից: