
Արմինֆո. Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" օրենքում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին:
Ներկայացնելով փոփոխությունները՝ Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը նշել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում օրինագծում տեխնիկական բնույթի որոշ փոփոխություններ են կատարվել, որևէ բովանդակային փոփոխություն փաստաթղթում չի կատարվել: Օրինագծի համաձայն, որոշ գործարքներ կնքելիս վաճառողն ու գնորդը հնարավորություն կունենան իրենց համակարգիչներից ստորագրել "Ես եմ" նույնականացման համակարգի միջոցով կազմված եւ ստորագրված պայմանագիրը՝ իրենց հեռախոսներից էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ ստորագրելուց հետո պայմանագիրը ներկայացնել իրավունքի պետական գրանցման:
Այդ աշխատանքների ավարտից հետո համակարգը ավտոմատ կերպով կիրականացնի գնորդի իրավունքների պետական գրանցում և վաճառողի իրավունքների դադարեցում: Դրանով իսկ կկիրառվի նոր գործիքակազմ, որը կօգնի հեշտացնել ռեգիստրների աշխատանքային ծավալը, ինչպես նաև կարագացնի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը: Օրենքի փոփոխությունն իրականացվում է փորձնական կարգով և գործելու է 1,5 տարի։ ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանը հասանելի կդառնա, որպեսզի գործարքներ կատարելուց հետո դրա մասնակիցները անձնական աշխատասենյակների միջոցով կարողանան առցանց հասանելիություն ունենալ տեղեկատվությանը: Ընդ որում, գործարքի մասին պայմանագրում կպահանջվի միայն գնորդի էլեկտրոնային ստորագրությունը։