
Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերն իրավունք կստանան էլեկտրոնային տեսքով հիփոթեքային վարկեր տրամադրել՝ անշարժ գույքի վաճառողների և գնորդների միջև բազմակողմ պայմանավորվածության միջոցով: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված Քաղաքացիական օրենսգրքում եւ "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" օրենքում փոփոխություններին:
Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանի խոսքով՝ բազմակողմ պայմանավորվածության առկայության դեպքում կողմերն իրավունք կստանան առանց նոտարական վավերացման անշարժ գույքի հետ կապված գործարքներն էլեկտրոնային ձևաչափով ձևակերպել: Այս խնդրի լուծման համար կառավարությունը կհաստատի օրինակելի պայմանագիր, որի հիման վրա բանկը կամ վարկային կազմակերպությունը, շինարարական ընկերությունը կամ վաճառողն ու գնորդը կկարողանան գործարքներ կնքել էլեկտրոնային տեսքով: Դրանից հետո բանկը կամ վարկային կազմակերպությունը, նույնպես էլեկտրոնային եղանակով, դիմում են ներկայացնում Կադաստրի կոմիտե' գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար: Գործընթացի բոլոր մասնակիցները կարող են անձնական աշխատասենյակների միջոցով ծանոթանալ գործարքների ընթացքին՝ Կոմիտեի կայքում: