
Արմինֆո. Հայաստանում չպետք է լինի տնտեսվարող սուբյեկտ, որը պնդի, թե երկրի իշխանությունները ֆիսկալ խնդիրների լուծման նպատակով իրենից գանձել են թեկուզ մեկ ավելորդ դրամ՝ հարկի կամ տուրքի տեսքով։ Այդ մասին նոյեմբերի 27-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ իրեն հաճախ են դիմում գործարարները, բողոքելով, որ հարկային-մաքսային մարմինները՝ քննության մարմինների հետ համատեղ, չափազանց պահանջկոտ են:
"Մեր սկզբունքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում չլինի գեթ մեկ տնտեսվարող սուբյեկտ, որն օբյեկտիվ հիմք ունենա պնդելու, որ կառավարությունը ֆիսկալ գործընթացների արդյունքում իրենից գանձել է գեթ մեկ ավելորդ դրամ' հարկի կամ տուրքի տեսքով:
Մյուս կողմից, չպետք է լինի նաեւ գեթ մեկ գործարար, որը նույնիսկ 1 դրամով պակաս վճարի օրենքով հասանելիք հարկը կամ տուրքը", - նշել է նա։
Ինչպես կարծում է Փաշինյանը, սա շատ լեգիտիմ և արդար մոտեցում է։
Միաժամանակ, նա հայտարարել է, թե՝ քանի որ բիզնեսը նման հարցեր է բարձրացնում, շաբաթ օրն այդ թեմայով աշխատանքային քննարկում տեղի կունենա։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին նույնպես հանձնարարվել է ուսումնասիրել տրված դիմումները՝ հասկանալու համար, թե ով է ճիշտ, ով ՝ ոչ այնքան։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են տարբեր գործարար շրջանակների ներկայացուցիչներ խոսում ՊԵԿ-ի և Քննչական կոմիտեի կողմից "հարկային տեռորի" մասին, որոնք այդպիսով ձգտում են ապահովել իրենց առջև դրված ցուցանիշները։