
Արմինֆո. Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում ԵՄ առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ հարցեր:
Մարթա Կոսը ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում, ինչպես նաև ընդգծել է Հայաստանի կարևորությունը ԵՄ կապակցման օրակարգում:
Անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Նշենք, որ Report եվրոպական բյուրոյին հարցազրույցում Մարթա Կոսը հայտարարել է, որ Եվրամիությունը հաստատակամորեն մտադիր է Տրանսկասպյան տրանսպորտային երթուղին, որը նաեւ հայտնի է որպես Միջին միջանցք, վերածել Հյուսիսային երթուղու հուսալի երկարաժամկետ այլընտրանքի: "Միջին միջանցքը աշխարհաքաղաքական և տնտեսական առավելություններ է ապահովում տվյալ երթուղում գտնվող բոլոր պետությունների համար ։ Այն միավորում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Սև ծովը Եվրոպային միացնող երկաթուղիների և նավահանգիստների ցանցը", - ասել է եվրահանձնակատարը։
Նրա խոսքով՝ Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը 2022 թվականից առ այսօր արդեն քառապատկվել է։ "Մինչև 2030 թվականը այն կարող է եռապատկվել, եթե ներդրումներն ուղղված լինեն թողունակության ընդլայնմանը և առկա "խցանումների" վերացմանը ։ Հենց այդ հարցերը կդառնան Տաշքենդի ֆորումի քննարկման առանցքային թեմաները", - նշել է Կոսը։
ԵՄ-ի սեփական փորձը ցույց է տվել մեկ երկրից կամ աղբյուրից չափից ավելի կախվածության վտանգը, ընդգծել է հանձնակատարը։ Դա կարող է հանգեցնել էներգետիկ ճնշման, կարևոր հումքի պակասի կամ թվային տեխնոլոգիաներից չափազանց կախվածության ՝ սահմանափակելով գործողությունների ազատությունը: "Տրանսպորտային, թվային եւ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մեջ ներդրումներն ավելի մեծ հնարավորություններ են ստեղծում եւ նվազեցնում արտաքին ճնշման ռիսկերը", - ամփոփել է նա:
Հիշեցնենք, որ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը ԵՄ Global Gateway ռազմավարության առաջատար նախագիծն է և ուղղված է Հարավային Կովկասով տարանցմամբ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապի ապահովմանը