
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 4-ին հավանություն է տվել ԵԱՏՄ և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի սստորագրման առաջարկությանը:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել Կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել Կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել Կողմերի միջև առևտրի ընդլայնումը։
Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական և հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, առևտրում տեխնիկական խոչընդոտները, էլեկտրոնային առևտուրը, մտավոր սեփականությունը, մրցակցությունը և այլ բնագավառներին առնչվող խնդիրներ:
Առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով Համաձայնագրով նախատեսվում են Կողմերի հորիզոնական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում:
Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ։
Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ, մասնավորապես՝ հանքային ջրեր, պահածոյացված մրգեր և բանջարեղեն, մրգային հյութեր, ջեմեր և այլն։
Արդյունաբերական ապրանքների մասով ընտրությունը ևս իրականացվել է վերոնշյալ սկզբունքով և ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են պղնձե արտադրանքը, ալյումինի համաձուլվածքները, դեղամիջոցները, ոսկերչական իրերը և այլն։
Համաձայնագրի կնքմամբ կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն ինդոնեզական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը: