Չորեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2025 12:16
Նաիրա Բադալյան

Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ

Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ, որտեղ հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի գլխավոր տնօրեն Միքայել Հարմսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ և այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ծանոթանալու առկա հնարավորություններին և հեռանկարներին:

 

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ, հավելելով, որ վերջին շրջանում արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների դրական դինամիկա: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումներին, տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում բացվող հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև գործարարներին հետաքրքրող տարբեր հարցերի:

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական տվյալների ՝ Հայաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի 10 ամիսներին կազմել է 386,5 մլն դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 4,1 տոկոսով։ Արտահանումն աճել է 80,6% - ով՝ գերազանցելով 93 մլն դոլարը, իսկ ներմուծումն արտահանող երկրից նվազել է 11,4% - ով՝ մինչեւ 327,9 մլն դոլար։