
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշումներ, որոնցով նախատեսված մի շարք փոփոխությունները վերաբերում են էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման ընթացակարգերին։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները: Պետգույքի կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ կարգով սահմանվում է միասնական մոտեցում բոլոր գույքերի օտարման սկզբունքների և պայմանների ձևավորման շուրջ: Մասնավորապես՝ Էլեկտրոնային աճուրդի տևողությունը ներկայիս 1 աշխատանքային օրվա փոխարեն կդառնա 3 օր, ինչը հնարավորություն կտա հայտեր ներկայացնելու համար ավելի երկար ժամկետ ապահովել։
Անբարեխիղճ մրցակցության ռիսկերը նվազեցնելու համար՝ վարձակալության աճուրդների նախավճարը բարձրացվում է մինչև 300%` կախված մեկնարկային արժեքի չափից, աճուրդում հաղթած, սակայն արձանագրությունը չստորագրած մասնակիցը զրկվում է նույն լոտի հետագա աճուրդներին մասնակցելու իրավունքից։
Լոտերի հայտարարությունների հրապարակման ժամկետները երկարացվում են, որպեսզի պոտենցիալ գնորդները կարողանան առավել լիարժեք ուսումնասիրել գույքը և հայտ ներկայացնել՝ շարժական գույքի դեպքում՝ աճուրդի մեկնարկից առնվազն 15 օր առաջ, անշարժ գույքի աճուրդի դեպքում՝ առնվազն 45 օր առաջ, անշարժ գույքի վաճառքի մրցույթի դեպքում՝ առնվազն 60 օր առաջ։
Չկառուցապատված հողամասերի վաճառքի դեպքում պարտադիր կկցվի քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք։ Վաճառքի հիմք կընդունվի գործող շուկայական արժեքը, ոչ թե շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը։ Շարժական գույք՝ առաջին աճուրդը կկազմակերպվի գնահատված արժեքի 100%-ի չափով, չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդների մեկնարկային գինը կնվազեցվի 15%-ով՝ առանց ստորին շեմի սահմանման։ Անշարժ գույք՝ առաջին աճուրդում մեկնարկային գինը կլինի գնահատված շուկայական արժեքի 100%-ի չափով, չվաճառվելու դեպքում երկրորդ աճուրդը՝ 85%, երրորդը՝ 70%։
Ուղղակի վաճառքի դեպքում գինը սահմանվելու է գնահատված շուկայական արժեքի 100%-ի չափով՝ բացառությամբ կառավարության որոշմամբ սահմանված առանձնահատուկ դեպքերի։ Բարեփոխումների նպատակն է պետական գույքի օտարման և վարձակալության գործընթացներն ավելի բաց և թափանցիկ դարձնելը՝ ապահովելով հասարակության համար վստահելի ու արդար միջավայր։ -0-