
Արմինֆո. Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:
«Ազատության» հարցմանն ի պատասխան, թե արդյոք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ, փոխվարչապետն այսօր պատասխանել է. «Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան»:
«Ազատությունը» նաև հարցրել էր փոխվարչապետին, թե ադրբեջանական վառելիքի ներկրման ինչ ծավալների մասին է խոսքը, հայաստանյան որ ընկերություններն են մտադիր Ադրբեջանից նավթ գնել, թե՝ ինչ գնի շրջանակում է Ադրբեջանը պատրաստ նավթ ու նավթամթերք վաճառել Հայաստանին, և արդյոք այն մրցունակ կլինի Ռուսաստանից ներկրվող վառելիքի նկատմամբ:
Այդ հարցերին ի պատասխան Մհեր Գրիգորյանը նշել է. «Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական:
Այն, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը, հայաստանյան հանրությունը տեղեկացավ ադրբեջանական կողմից: Անցած շաբաթ այդ մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահի Արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա նշել էր, որ սահամանզատման գործընթացին զուգահեռ փոխվարչապետերը քննարկել են նաև երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշակի ոլորտներ։ Եվ որ այժմ քննարկվող ոլորտներից մեկը նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան:
Ադրբեջանական վառելիքի ներկրումից բացի, փոխադարձ առևտրի էլ ի՞նչ ոլորտներ են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը, այդ հարցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոնկրետ պատասխան չի տվել, նշելով միայն, որ «այլ ապրանքների գծով քննարկումները դեռ շարունակվում են»: