Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025 10:43
Ալեքսանդր Ավանեսով

Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը

Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը

Արմինֆո. Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը, որն անցկացվում է երկրորդ անգամ:

 

Ինչպես տեղեկացնում են միջոցառման կազմակերպիչները, մրցույթի նպատակն է խրախուսել եւ աջակցել նորարարական ֆիզիկական ապրանքների մշակման տաղանդավոր ստեղծողներին Հայաստանում եւ ստեղծել կենսունակ ձեռնարկություններ միջազգային շուկաներում: Մրցույթը նախաձեռնվել և իրականացվում է ընկերության TCF Armenia ընկերության կողղմից՝ շվեյցարական Helvetas  հիմնադրամի հետ գործակցությամբ։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր ողջ Հայաստանից: Սա աննախադեպ հնարավորություն է միջոցառման մասնակիցների համար իրենց գաղափարները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, դրանք համաշխարհային մակարդակով մրցունակ դարձնելու, նախարտադրության համար միջոցներ ներգրավելու, ինչպես նաև օգտակար կապեր ու ծանոթություններ հաստատելու համար:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել գաղափարի հիմնավորումը, ապրանքի ամբողջական և մանրամասն նկարագրությունը' գծագրերով և հնարավոր էսքիզներով, ինչպես նաև շուկայի ուսումնասիրություն և զարգացման ծրագիր: Բնականաբար, անհրաժեշտ կլինի հատուկ ընդգծել, թե ինչն է նախագիծը դարձնում եզակի և արժանի իրական ապրանքի վերածվելու: Ընտրված մասնակիցները կանցնեն ինկուբացիոն և ինտենսիվ ծրագրեր, որոնք հիանալի հնարավորություն են ընձեռում գաղափարից անցնել կենսունակ ապրանքի և այն ներկայացնել ժյուրիին՝ մրցույթի եզրափակիչ փուլում։

 

Ժյուրին կգնահատի մասնակիցների նորարարական գաղափարները, դրանց իրագործելիությունը, շուկայական ներուժը, թիմի կամ անհատ մասնակցի մասնագիտական ներուժը և ներկայացման հմտությունները: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կամ թիմը կստանան համապարփակ աջակցություն գաղափարի ստուգումից մինչև արտադրություն, ներառյալ ոլորտի փորձագետների մենթորության հնարավորությունները, շուկայի համապատասխանության փորձարկումը, ծառայությունների հասանելիությունը, քրաուդֆանդինգի աջակցությունը և ներդրողների ու արտադրողների լայն բազայի հետ կապեր հաստատելու հնարավորությունները:

 

Երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կամ մասնակիցը մուտք կունենան շուկայի համապատասխանության փորձարկման ծառայություններ, կմասնակցեն մենթորության ծրագրին և կստանան հանձնարարականներ ՝ արտադրանքի հնարավոր մուտքը շուկա նախապատրաստելու համար: Երրորդ տեղը զբաղեցրած թիմը կամ մասնակիցը կօգտվեն շուկայի համապատասխանության փորձարկումից և մենթորությունից:

 

Մրցույթին մասնակցությունն անվճար է, իսկ դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 26 - ն է: