Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025 12:09
Նաիրա Բադալյան

Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը

Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 18-ին հերթական նիստում հաստատել է  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվածային տոկոս կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերի և պատրաստուկների՝ առանց հակագնագցման տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը։

 

Ինչպես ասվում է որոշման հիմնավորման մեջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N 96 որոշման 5-րդ կետով  Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է հակագնագցման տուրքի վճարումից ազատում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվ.% կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերի և պատրաստուկների համար՝ տարեկան 250 տոննա ծավալով։ Վերոնշյալ արտոնությունը գործելու է 5 տարի ժամկետով։

 

Հակագնագցման տուրքից ազատումը տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես Որոշման մեջ նախատեսված ապրանքը ներմուծելու ժամանակ 2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 228-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում։

 

Հարկ է նշել, որ Որոշմամբ նախատեսված է նաև, որ հակագնագցման տուրքը չի գանձվում նաև Որոշման 3-րդ հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների կողմից պատրաստվող տիտանի երկօքսիդի նկատմամբ, եթե հայտատուն ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ ունի համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով հաստատված՝ արտադրողի հավաստագիր՝ համաձայն Որոշման 4-րդ հավելվածով հաստատված ձևի, և ապրանքների հայտարարագրում ներկայացնում է  այդպիսի հավաստագրի մասին տեղեկություններ։

 

Որոշումն ուժի մեջ է 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2030 թվականի նոյեմբերի 17-ը։