
Արմինֆո. Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինաշխատանքները դադարեցված են։
Նախօրեին վաղ առավոտյան ջրամբարի շինհրապարակում տեղի է ունեցել շինարարների բողոքի ակցիա։ Պատճառը աշխատանքների պատվիրատուի՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կապալառուի՝ չինական "Shanxi Construction Investment Group" ընկերության հետ պայմանագրի միակողմանի լուծումն է: Շինարարներից մեկի ասելով ՝ իրենց տեղեկություններ են հասել, որ նախագծի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կան։ Արդյունքում՝ մի քանի տասնյակ մարդ՝ վարորդներ, շինարարներ և օժանդակ անձնակազմը (նրանց խոսքով ՝ մոտ 100 մարդ), առանց բացատրության, մնացել են առանց աշխատանքի։ Կասեցվել է նաև Ջրաձոր գյուղի բնակիչների վերաբնակեցման գործընթացը (նոր գյուղում, որը տեղակայվելու է ջրամբարի հարևանությամբ, նախատեսվում է բնակեցնել շուրջ 350 բնակիչ):
Ինչպես հայտնի է դարձել Factor.am-ին, կառուցապատող ընկերության հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պայմանագիրը լուծարելու գործընթաց է սկսել։ Տեղեկությունը հաստատել է նաև ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։ «Մեկնարկել է պայմանագրի լուծարման գործընթաց նախարարության նախաձեռնությամբ։ Պայմանագրի ժամկետները խախտվել են, նախատեսված աշխատանքները գրաֆիկի համաձայն չեն կատարվել։ Այս պահի դրությամբ 16 տոկոսն է կատարվել աշխատանքների»,- ասել է Սոնա Հարությունյանը։ Նշենք, որ շինաշխատանքներն իրականացնում էր չինական "Shanxi Construction Investment Group"-ը։
Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել էր 1975 թվականին և դադարեցվել էր 1988 թվականի երկրաշարժի պատճառով (110 մլն խմ նախագծային հզորությամբ, գտնվում է Շիրակի մարզում, Գյումրի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի հովտում): 2023 թվականի մայիսի 18-ին պաշտոնապես դրվել է ջրամբարի հիմքը։ Աշխատանքների առաջին փուլը նախատեսվում էր ավարտել 2026 թվականի ապրիլին ։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է ավարտին հասցնել 25 մլն խմ ջրի տարողությամբ ջրամբարի կառուցումը ։ Երկրորդ փուլում նախատեսվում է ենթակառուցվածքը հասցնել 60 մլն խմ-ի ։ Նախագծով նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի օժանդակ կառույցների կառուցում, Ախուրյան գետի ջրաբանական դիտարկումների կետերի կահավորում (Արփի լճից մինչև Ախուրյանի ջրամբար), լրացուցիչ կայանների կառուցում, տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ): Պատվարի և օժանդակ կառույցների շինարարության ավարտն, առաջին հերթին, կապահովի բնակավայրերի անվտանգությունը ստորին հոսանքում, կբարձրացնի Շիրակի մարզում և Ախուրյանի ջրամբարի աջ ափին գտնվող 12 325 հա հողատարածքների ջրամատակարարման մակարդակը: Հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ, ինչը թույլ կտա խնայել տարեկան 1,3 մլն կվտժ էլեկտրաէներգիա: Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղմթերքի արտադրությունը, իսկ ջրի հաշվառման հուսալի համակարգի տեղադրումը կբարձրացնի ջրի կառավարման և մոնիտորինգի մակարդակը:
Նախագիծը ֆինանսավորվում է KfW վարկային միջոցների և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման հաշվին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95,2 մլն եվրո, այդ թվում փոխառու միջոցները ՝ 68,5 մլն եվրո։ Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունիսի 29-ին, միջոցների օգտագործման վերջնաժամկետը սահմանվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ը, սակայն այնուհետև ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: 2024 թվականի դեկտեմբերի վերջին կառավարությունը երկարաձգել է այդ վարկային միջոցների հասանելիության ժամկետը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։