Չորեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2025 13:16
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին

Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին

Արմինֆո ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին և Վաշինգտոնում ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) աշխատակից, Հայաստանին ու Վրաստանին ցուցաբերվող օժանդակության նախագծերի կառավարմամբ զբաղվող Բեն Քեյրնին։

 

ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանից Միացյալ Նահանգներ գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես՝ անասնաբուժական և բուսասանիտարական ծագման մթերքների արտահանմանը, լաբորատոր կարողությունների զարգացմանը, համակարգերի թվայնացմանը և ապրանքների հետագծելիությանն առնչվող հարցեր։

 

Ռիշան Չաուդհրին ընդգծել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին վերոնշյալ ոլորտներում հավանական խնդիրների լուծման ուղղությամբ։

 

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանը սկսել է «ePhyto» ծրագրին միանալու նախապատրաստական աշխատանքները, և 2026 թվականին նախատեսվում է համակարգի մեկնարկը, որը հայ արտադրողների համար ավելի դյուրին կդարձնի դեպի ԱՄՆ գյուղմթերքներ արտահանելու գործընթացը:

 

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են խորացնել երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը, որը միաժամանակ խթան կհանդիսանա շուկայի բազմակողմանի զարգացման համար։